Փորձագետը հիմնավորված է համարում Երևանի հասարակական տրանսպորտի ուղեվարձի հնարավոր թանկացումը
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանում հասարակական տրանսպորտի սակագների բարձրացումը հնարավոր է և ամբողջովին հիմնավորված, ուրբաթ լրագրողներին հայտարարեց Ուղևորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը։
«Երևանյան տրանսպորտի ծանրաբեռնվածությունը պայմանավորված է այդ թվում ցածր ուղեվարձով. միկրոավտոբուսների վարորդները ստիպված են ավելի շատ ուղևոր վերցնել` եկամուտ ապահովելու համար։ Իսկ եթե ուղեվարձը բարձրանա, ապա դա կարող է լուծել ծանրաբեռնվածության հարցը», – նշեց փորձագետը։
Եղիազարյանը, հղում անելով 2014 թ.–ին Երևանի քաղաքապետարանի պատվերով «America» WYG International Limited ընկերության իրականացրած ուսումնասիրությանը, ներկայացրեց հասարակական տրանսպորտի օպտիմալ ուղեվարձը։
«Գազով աշխատող միկրոավտոբուսների համար օպտիմալ ուղեվարձը 157 դրամ է (մոտ 0,3 դոլար), ավտոբուսների համար` 202 դրամ (մոտ 0,4 դոլար)։ Իսկ դիզվառելիքով աշխատող ավտոբուսների համար օպտիմալ ուղեվարձը 257 դրամ է (0,5 դոլար)», – ասաց նա։
Փորձագետի խոսքով, ուղեվարձի սառեցումը հանգեցնում է նրան, որ տրանսպորտային որոշ գծերի սպասարկումը դառնում է ոչ շահավետ, և գործարարները հրաժարվում են դրանցից, ինչն էլ իր հերթին հանգեցնում է նրան, որ քաղաքացիները ստիպված են մի քանի տրանսպորտային միջոց փոխել։
«Վերջին երկու տարում Երևանում դադարել է գործել 15 տրանսպորտային գիծ, և մեր հաշվարկներով` արդեն այսօր մայրաքաղաքում մոտ 50 հազար մարդ իրենց ուզած վայրն են հասնում` փոխելով երկու տրանսպորտ», – ասաց նա։
Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձը չի փոխվել 2000–ականների կեսերից։ Այսօր այն կազմում է 100 դրամ (մոտ 0,2 դոլար)։
2013 թ.–ին Երևանի քաղաքապետարանը որոշեց թանկացնել ուղեվարձը` 100 դրամից դարձնելով 150 դրամ, ինչը հանգեցրեց հասարակական մեծ բողոքի։ Քաղաքացիական ակտիվիստների գործողությունների արդյունքում` 2013 թ.–ի հուլիսի 25–ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրավիրեց խորհրդակցություն` քաղաքային տրանսպորտի համար պատասխանատու կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Խորհրդակցության ժամանակ քաղաքապետը հանձնարարեց չեղյալ հայտարարել իր իսկ որոշումը, որը վերաբերում էր հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացմանը։–0–