Սևանա լիճ թափվող գետերից 5-ն աղտոտված են կենսածին նյութերով. նախարար

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը Facebook-ի իր էջում գրել է, որ Սևանա լիճ թափվող գետերից 5-ն աղտոտված են կենսածին նյութերով:
Ըստ նրա, շրջակա միջավայրի նախարարության մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոնը Սևանի ջրավազանային կառավարման տարածքում ջրի որակի մոնիթորինգն իրականացնում է Ձկնագետ, Մասրիկ, Սոթք, Կարճաղբյուր, Վարդենիս, Մարտունի, Արգիճի, Ծակքար, Շողվագ, Գավառագետ գետերի տասնութ դիտակետում:
Սևանա լիճ թափվող գետերից կենսածին նյութերով աղտոտված են Գավառագետը, Ծակքար, Շողվագ, Մասրիկ, Արգիճի գետերը:
«Կենսածին նյութերով աղտոտվածության հավանական պատճառ են հանդիսանում կոմունալ-կենցաղային կեղտաջրերի՝ առանց պատշաճ մակարդակով մաքրվելու արտահոսքերը, ինչպես նաև գյուղատնտեսական հոսքաջրերը», - գրել է նա:
Արդյունքում, ամբողջապես չմաքրված կոմունալ-կենցաղային կեղտաջրերը իրենց հետ գետեր, իսկ այնուհետև լիճ են տանում ազոտի և ֆոսֆորի զգալի քանակություն:-0-