Հայաստանը վատացրել է իր դիրքերը Transparency International-2015 վարկանիշում

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանը իջել է մեկ հորիզոնականով Transparency International–ի «Կոռուպցիայի ընկալման ցուցիչ 2015» վարկանիշում և 168 երկրների շրջանում զբաղեցրել է 95–րդ հորիզոնականը։
Բեռլինում գործող Transparency International ոչ կառավարական կազմակերպության Կոռուպցիայի ընկալման ամենամյա ցուցիչը (Corruption Perceptions Index - CPI) արտացոլում է կոռուպցիայի տարածվածության աստիճանը պետական հատվածում 0–ից (կոռուպցիայի ընկալման ամենաբարձր աստիճան) մինչև 100 (Corruption կոռուպցիայի ընկալման ամենացածր աստիճան) սանդղակով։ Ցուցիչը հարցումների համադրություն է և հենվում է կոռուպցիայի ոլորտին վերաբերող տվյալներին` հավաքված տարբեր կազմակերպությունների կողմից։ Այս տարի վարկանիշն ընդգրկել է 174 երկիր։
CPI–ի տվյալներով` Հայաստանը 2015 թ.–ի վարկանիշում իջել է մեկ հորիզոնականով` հավաքելով 35 միավոր, 2014 թ.–ին երկիրը հավաքել էր 37 միավոր։ Միաժամանակ Հայաստանը կիսում է 95–րդ հորիզոնականը Մալիի, Մեքսիկայի և Ֆիլիպինների հետ։
Տարածաշրջանի երկրներից Վրաստանը զբաղեցնում է 48–րդ տեղը (52 միավոր), Թուրքիան 66–րդ տեղում է (42 միավոր), Ադրբեջանը 119–րդն է (29 միավոր), Իրանը` 130 (27 միավոր)։
Միաժամանակ ԱՊՀ երկրների շրջանում Ռուսաստանը զբաղեցրել է 119–րդ տեղը (29 միավոր), Բելառուսը 107–րդն է (32 միավոր), Մոլդովան` 103 (32 միավոր), Ղազախստանն ու Ղրղըզստանը` 123–րդ (28 միավոր)։
Վարկանիշի առաջատարը երկրորդ տարին անընդմեջ Դանիան է (91 միավոր), նրան են հետևում Ֆինլանդիան (90 միավոր) և Շվեդիան (89 միավոր)։ Վատագույն արդյունքներն են գրանցել Հյուսիսային Կորեան և Սոմալին` հավաքելով ընդամենը 8–ական միավոր։
Լավագույն ցուցանիշներ գրանցած երկրներն առանձնանում են ընդհանուր առանցքային բնութագրերի առկայությամբ` մամուլի ազատության բարձր մակարդակ, բյուջեի մասին տեղեկատվության հասանելիություն, բարեկեցության բարձր մակարդակ և այլն։
Վատագույն ցուցանիշներ գրանցած երկրները, բացի հակամարտությունների և պատերազմների առկայությունից, բնութագրվում են անբարեխիղճ կառավարմամբ, անբարեկեցիկ պետական ինստիտուտներով, ինչպիսիք են ոստիկանությունն ու դատական մարմինները, ինչպես նաև ԶԼՄ–ների անկախության ոչ բավարար մակարդակով։
Transparency International–ի վարկանիշը կազմելիս դիտարկվում են կոռուպցիոն գործունեության բոլոր տեսակները, որոնց թվում են` պաշտոնատար անձանց տրվող կաշառքները, պետպատվերների կատարումից ստացված շահույթի տեղաբաշխման գործում պաշտոնյաների մասնակցությունը, ինչպես նաև բյուջետային միջոցների անօրինական կամ անբարեխիղճ ծախսումը։ Գնահատվում է նաև կառավարության կողմից իրականացվող հակակոռուպցիոն միջոցառումների արդյունավետությունը։–0–