Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Հավանական է, որ կորոնավիրուսի դեմ Սպուտնիկ V ռուսական պատվաստանյութի կիրառման գործընթացը Հայաստանում կսկսվի մարտի կեսին. ԱՆ (ՎԻԴԵՈ)

05.02.2021, 11:00
Պատվաստանյութի մեկ դեղաչափի արժեքը կկազմի մոտ 10 դոլար. ՎԻԴԵՈ
Հավանական է, որ կորոնավիրուսի դեմ Սպուտնիկ V ռուսական պատվաստանյութի կիրառման գործընթացը Հայաստանում կսկսվի մարտի կեսին. ԱՆ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի./ԱՌԿԱ/.  Բարձր է հավանականությունը, որ կորոնավիրուսի դեմ Սպուտնիկ V ռուսական պատվաստանյութի կիրառման գործընթացը Հայաստանում կսկսվի մարտի կեսին, հայտարարեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։

«Այս պահին մենք ակտիվ բանակցություններ ենք վարում` պայմանագրային հիմքերի օպերատիվ ձևավորման համար։ Մշտապես գտնվում ենք ուղիղ կապի մեջ` երկիր պատվաստանյութի հնարավորինս արագ մատակարարման և գործընթացը սկսելու համար», – ասաց նա Հանրային հեռուստաընկերության եթերում։

Սահակյանի խոսքով, հնարավոր է արդեն հաջորդ շաբաթվա սկզբին կսկսվի փոքր քանակի պատվաստանյութի օգտագործման գործընթացը, ինչից հետո պատվաստումը կընդգրկի բնակչության ավելի լայն շերտեր։

«Պատվաստանյութի մեկ դեղաչափի արժեքը կկազմի մոտ 10 դոլար։ Յուրաքանչյուրի համար պահանջվում է պատվաստանյութի երկու դեղաչափ, որպեսզի պատվաստումը լինի մաքսիմալ ամբողջական», – ասաց նա։

Սահակյանը պարզաբանեց, որ պատվաստանյութը ձեռք է բերվում պետպատվերի շրջանակում բյուջեի միջոցներով։

«Պատվաստումն իրականացվելու է բուժհաստատությունների միջոցով։ Անվճար հիմունքներով իրականացվելու է միայն ռիսկի խմբի համար, առաջին փուլում ունենք ռիսկային 4 խումբ, որոնց կառաջարկվի պատվաստանյութը», – ասաց նա` նշելով, որ այդ ռիսկային խմբերում ներառված են տարեց անձինք (65 տարեկանից բարձր), բուժանձնակազմը, սոցիալական ոլորտի աշխատակիցները, խնամքի կենտրոնների շահառուներն ու աշխատակիցները, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք։

Նրա խոսքով, Հայաստանում կորոնավիրուսից պատվաստումը լինելու է կամավոր։

«Մարդը կարող է հրաժարվել, եթե հրաժարվում է, ստորագրում է համապատասխան փաստաթուղթ, որում նշված է, որ գիտակցում է, թե ինչից է հրաժարվում, և դրանով ամեն ինչ սահմափակվում է»,– ասաց նա։–0–