ԱԱԾ–ն ու ոստիկանությունը դուրս եկել Մայր Աթոռի տարածքից
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի․/ԱՌԿԱ/․ ԱԱԾ–ն հանդես է եկել հայտարարությամբ։
Ստորև ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ․
«Այսօր՝ 2025 թվականի հունիսի 27–ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքից Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին (Գևորգ Արտաշեսի Աջապահյան) ձերբակալելու որոշումը իրականացնելու ընթացքում արձանագրվել է քաղաքացիների կուտակում։
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը և ոստիկանությունը, ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը, որոշում է կայացրել դուրս գալ Մայր Աթոռի տարածքից։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բոլոր քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ իրավիճակը լարելուց, չխոչընդոտել իրավապահ մարմինների օրինական որոշումների իրագործմանը:
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին (Գևորգ Արտաշեսի Աջապահյան) կոչ ենք անում չթաքնվել իրավապահ մարմիններից և ներկայանալ իրեն սպասող Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ խմբին։
ԱԱԾ-ն շարունակում է իրականացնել օրենքով սահմանված իր գործառույթները՝ ապահովելով հանրային կարգի և անվտանգության պահպանումը։ Իրավապահ մարմինների օրինական գործողություններին խոչընդոտելու դեպքերը կարժանանան իրավական գնահատականի»։
Նշենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իրավիճակն այսօր լարված էր, ԱԱԾ–ն գործողություններ էր իրականացնում, փորձում էր բերման ենթարկել Աջապահյանին, հոգևորականներն ու քաղաքացիները խոչընդոտում էին։
Նախօրեին հայտնի է դարձել, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել:
Աջապահյանի՝ «երկրում ռազմական հեղաշրջում անելու» հայտարարությունների վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել` իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու համար։
Ավելի օպերատիվ լուրերին հետևեք մեր Տելեգրամում