Рейтинг@Mail.ru
USD
392.34
EUR
427.93
RUB
4.6774
GEL
141.48
2025 թ. մարտի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+21

ԱԱՏՄ արձանագրած խախտումների հիմքով ժամանակավորապես կասեցվել է ընդհանուր 580 տնտեսվարողի գործունեությունը

22.05.2020, 16:50
ԱԱՏՄ արձանագրած խախտումների հիմքով ժամանակավորապես կասեցվել է ընդհանուր 580 տնտեսվարողի գործունեությունը
ԱԱՏՄ արձանագրած խախտումների հիմքով ժամանակավորապես կասեցվել է ընդհանուր 580 տնտեսվարողի գործունեությունը
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի./ԱՌԿԱ/. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) Երևանի և մարզային ստորաբաժանումները շարունակում են վերահսկողական լայնածավալ աշխատանքները։ Մշտադիտարկվում է տնտեսվարողների մոտ կորոնավիրուսի (Covid19) տարածումը կանխարգելելուն ուղղված՝ ՀՀ պարետի հաստատած անվտանգության կանոնների պահպանումը։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը: 

Դիտարկվում են թե խոշոր տնտեսվարողներ` սուպերմարկետների ցանցերի մասնաճյուղեր, արտադրություն, շինարարություն, թե փոքր օբյեկտներ` դեղատներ, վարսավիրանոցներ, ատամնաբուժարաններ և այլն։

Տեսչական մարմնի արձանագրած խախտումների հիմքով՝ մարտի 23-ից մինչ օրս Պարետի որոշմամբ ժամանակավորապես կասեցվել է Երևանի և մարզերի շուրջ 580 տնտեսվարողի գործունեությունը․ ներկայում կասեցումը 24 ժամով է։

Արձանագրվող հիմնական խախտումներից են աշխատողների կողմից դիմակ, ձեռնոց չկրելը, ախտահանման աշխատանքների թերի կատարումը, ջերմաչափման և գրանցամատյանների վարման ոչ պատշաճ իրականացումը և այլն։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վերահսկողական աշխատանքի համար հիմք են ընդունվում նաև «Թեժ գծով»՝ 8107 և առցանց ստացված բողոքները։

«ԱԱՏՄ-ն հորդորում է տնտեսվարողներին՝ խստագույնս հետևել Պարետի ցուցումներին: Պարետի սահմանած նորմերի պահպանումը ենթակա է պարտադիր կատարման։ Չկատարումը ենթադրում է վարչական պատասխանատվություն։
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հունվարի 24-ից շարունակում է աշխատել ուժեղացված վերահսկողական ռեժիմով»,- նշվում է հայտարարության մեջ:

Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ։ Ապրիլի 13–ին կառավարությունը որոշեց մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը` մինչև 2020թ.–ի մայիսի 14–ը ժամը 17։00–ն։ Մայիսի 14-ին կառավարությունը կրկին երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ:

Ընդ որում մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ, որոնք հանվել են մայիսի 4-ից, իսկ արդեն մայիսի 18-ից վերականգնվել է հասարակական տրանսպորտի, մարզասրահների, մանկապարտեզների և հանրային սննդի կետերը:

Հայաստանում մայիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5928 դեպք, որոնցից 2874-ն` առողջացած, 74-ը` մահվան ելքով:-0-