ԱԺ-ն չընդունեց կորոնավիրուսի վարակակիրների անձնական տվյալները ֆիքսելու օրենքի փաթեթը

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի./ԱՌԿԱ/. Այսօր ԱԺ-ում քննարկվում էր «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին աղմուկ բարձրացված օրենքի փաթեթը:
Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը կոչ է արել իր գործընկերներին զերծ մնալ քվեարկությունից:
«Քանի որ մենք դեմ ենք և չենք ուզում, որ այս նախագիծն անցնի, մենք տեսնում ենք, որ իշխող խմբակցությունը 65 հոգուց ավելի մարդ չունի, ԲՀԿ-ի մեր գործընկերներին առաջարկում եմ չնասնակցել քվեարկությանը, և նախագիծը չի ընդունվի»,- ասաց Մարուքյանը։
«Իմ քայլի» ղեկավար Լիլիթ Մակունցը կոչ արեց բոլորին կողմ քվեարկել նախագծին, քանի որ, իր խոսքով, կորոնավիրուսի տարածման արագությունը չափազանց մեծ է և պահանջում է արագ քայլեր:
Նախագիծը չհավաքեց անհրաժեշտ 67 կողմ ձայները՝ հավաքելով 65 կողմ. ընդդիմադիր կուսակցությունները չմասնակցեցին քվերակությանը:
Եվ այսպիսով Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ չընդունվեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի փաթեթը:
Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14–ը հայտարարվել է արտակարգ դրություն` երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, ինչի կապակցությամբ մարտի 24–ին ժամը 23։59–ից մինչև մարտի 31–ը ժամը 23։59–ը Հայաստանում գործում են քաղաքացիների տեղաշարժման և տնտեսական գործունեության իրականացման նոր սահմանափակումներ։
Հայաստանում մարտի 31–ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 532 դեպք։ 30 մարդ բուժվել է։ Արձանագրվել է մահվան 3 դեպք:–0–