«Այս պահին Վրաստանի հետ սահմանը փակելու հարց չի քննարկվում». ԱԽ քարտուղար

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի./ԱՌԿԱ/. Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է Վրաստանում կորոնավիրուսի գրանցման դեպքին և Վրաստանի հետ սահման փակելու անհրաժեշտության մասին:
«Ինչպես գիտեք, նախնական պրոֆիլակտիկ մի շարք քայլեր են կատարվել: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ աշխատանքային խումբ է ստեղծվել, որը կապի մեջ է հարևան երկրի առողջապահության համակարգի պատասխանատու կառույցների հետ:
Ինչպես նաև, նշվել է, որ Հայաստանի ներսում նույնպես քայլեր են ձեռնարկվում, քննարկվում են բոլոր հարցերը, գործողություններն էլ կլինեն իրավիճակին համապատասխան: Վտանգի դեպքում համապատասխան որոշում կկայացնեն:
«Այս պահին նման հարց դեռ չի քննարկվում: Վրաստանում իրավիճակի մասին կապի մեջ են համապատասխան գերատեսչությունները: Լուծումները, ըստ իրավիճակի, կլինեն»,- նշել է քարտուղարը:
Նա նաեւ անդրադարձավ Մեղրիի անցակետի՝ ոչ լրիվ փակման մասին լուրերին:
Հիշեցնենք, որ երեկ Սյունիքի լրատվամիջոցներից մեկը կադրեր էր տեղադրել, որտեղ նկատելի էր, որ բացի բեռնատար մեքենաներից, նաեւ թեթեւ մարդատար մեքենաներ են անցել սահմանով:
«Կադրերը, եթե չեմ սխալվում, այդ օրվա չէին: Սահմանափակումներն աշխատում են, և մինչեւ այս պահն այն միջոցները, որոնք ձեռնարկվել են, արդյունավետ են և արդյունավետ աշխատում են: Հայաստանում այս պահին տիրող իրավիճակը ցույց է տալիս, որ բոլոր ձեռնարկված գործողություններն արդյունավետ են»,- եզրափակեց ԱԽ քարտուղարը:-0-