Արցախի ՊՆ–ն ապատեղեկատվություն է անվանում ադրբեջանական կողմի տեղեկատվությունը խոցված անօդաչուի մասին

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /ԱՌԿԱ/. Նախօրեին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր Աղդամի հատվածում խոցվել է հայկական անօդաչու թռչող սարք, իրականությանը չի համապատասխանում, հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։
Ինչպես նշվում է հաղորդման մեջ, Պաշտպանության բանակը որևէ անօդաչու թռչող սարքի կորուստ չի ունեցել: Արցախի ՊՆ–ն նշում է, որ ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված լուսանկարներն ակնհայտ հին կադրեր են:
«Հատկանշական է նաև, որ Բաքվի տարածած ապատեղեկատվությունը, չգիտես ինչու, «պատահականորեն» համընկավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից տարածաշրջան կատարած այցի հետ»,– ասվում է հաղորդման մեջ։
ՊՆ–ից հիշեցնում են, որ Արցախի զինված ուժերը, ինչպես միշտ, ունի բոլոր հնարավորությունները անվտանգ և արդյունավետ կիրառելու իր տրամադրության տակ եղած անօդաչու թռչող սարքերի յուրաքանչյուր տեսակ:
«Հավաստիացնում ենք, որ ինչպես առայսօր ենք դրանք օգտագործել, այնպես էլ հարկ եղած դեպքում բավականին նպատակասլաց կերպով կիրառելու ենք նաև այսուհետ»,– ընդգծվում է հաղորդման մեջ։ -0-