Ավելի քան 7 հազար քաղաքացի ետ է ստացել 1,7 դոլարի սոցիալական կրեդիտ

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի․/ԱՌԿԱ/․ Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 7185 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1444 քաղաքացի) ետ է ստացել 668 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +133 միլիոն դրամ), գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–յան իր էջում։
Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 93 հազար դրամ է:
Սոցիալական կրեդիտի մասին
Սոցիալական կրեդիտի համակարգը ենթադրում է քաղաքացիների ծախսերի փոխհատուցում երկու հիմնական ոլորտներում՝ կրթություն և առողջապահություն՝ նախկինում նրանց վճարած եկամտահարկի մի մասի վերադարձի միջոցով։ Վերադարձվող դրամական միջոցների սահմանաչափերը սահմանվում են, համապատասխանաբար, կրթության ոլորտում՝ մինչև 100 հազար դրամ, առողջապահության ոլորտում՝ տարեկան մինչև 50 հազար դրամ՝ ընտանիքի յուրաքանչյուր աշխատող անդամի համար։
Վերջերս կառավարությունը որոշեց ընդլայնել համակարգի շրջանակը՝ ընդգրկելով սպորտային, երաժշտական, պարային կենտրոնները, ուսումնական հաստատությունները, դպրոցական դասագրքերի վարձույթը, ատամնաբուժական ծառայությունները: Որպես նախապայման սահմանվել է ծառայության դիմաց անկանխիկ վճարման պահանջը։
Ընդհանուր առմամբ, 2024 թվականի ընթացքում սոցիալական ծախսերի համակարգից օգտվել է շուրջ 3800 մարդ, որոնց վերադարձվել է 340 մլն դրամ։