Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-3

Այսօր երեկոյան տեղի կունենա Ծառուկյանի խափանման միջոցի հարցով դատական նիստը

17.06.2020, 16:10
Այսօր երեկոյան տեղի կունենա Ծառուկյանի խափանման միջոցի հարցով դատական նիստը
Այսօր երեկոյան տեղի կունենա Ծառուկյանի խափանման միջոցի հարցով դատական նիստը
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի./ԱՌԿԱ/. ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցով դատական նիստը տեղի է ունենալու այսօր երեկոյան՝ ժամը 19։00-ին՝ ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում։

Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողներին ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Բարգավաճ Հայաստան խորհրդարանական խմբակցությունը շարունակելու է աշխատել նույն արդյունավետությամբ և սահմանված ծրագրով։ Խմբակցության ղեկավարի փոփոխության հարց չի քննարկվում։ Բոլոր քաղաքական որոշումները կայացվելու են քննարկումների և քաղաքական թիմի ներկայացուցիչների կոնսենսուսի պայմաններում»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ ԱԺ–ն նախօրեին գաղտնի քվեարկությամ զրկեց ԲՀԿ առաջնորդին պատգամավորական անձեռնմխելիությունից, այնուհետև հավանություն տվեց նրան ազատությունից զրկելու միջնորդությանը։ Ծառուկյանը գնաց ԱԱԾ`հարցաքննության, ինչից հետո հանդես եկավ հայտարարությամբ։

Ծառուկյանի շուրջ իրադարձությունների մասին

Հունիսի 14–ին առավոտյան ԱԱԾ աշխատակիցները խուզարկել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար և գործարար Գագիկ Ծառուկյանի առանձնատունը, այնուհետև կանչել են ԱԱԾ`հարցաքննության, որը տևել է ավելի քան 9 ժամ, որի ընթացքում ԱԱԾ–ի մոտ կազմակերպվել էր բողոքի զանգվածային ակցիա։

ԱԱԾ–ում հարուցվել է մի քանի քրեական գործ, որոնց դերակատարներն են Ծառուկյանն ու նրա կողմնակիցները, այդ թվում` «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։ Քրեական գործերը վերաբերում են անօրինական ձեռնարկատիրական գործունեությանը, ընտրական գործընթացներում ԲՀԿ–ի ընտրակաշառքների սխեմայի քողազերծմանը, «Առինջ մոլի» շահագործմամբ զբաղվող ընկերության հանցավոր սխեմայի բացահայտմանը։

Ծառուկյանը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ քրեական գործերը սարքած են ու շինծու, ունեն ակնհայտ քաղաքական ենթատեքստ։ Նա հայտարարել է, որ այս ամենի պատճառը ՀՀ գործող կառավարության հասցեին հնչեցրած քննադատությունն է և նշել է, որ կառավարությունը «գնում է ընդդիմախոսների նկատմամբ տեռորի ճանապարհով», նա արդեն արել է իր ընտրությունն ու «պատրաստա է ցանկացած սցենարի»։

Հունիսի 16–ին ԱԺ–ն զրկեց Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից, ինչպես նաև հավանության արժանացրեց նրան ազատությունից զրկելու միջնորդությունը։–0–