ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց առողջության պարտադիր ապահովագրության մասին օրինագիծը
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ԱԺ–ն այսօր առաջին ընթերցմամբ ընդունել է առողջության պարտադիր ապահովագրության մասին օրինագիծը։
«Մեր նպատակն է, որ 2029 թվականին բնակչության ճնշող մեծամասնությունը հասանելիություն ունենա այդ համակարգին և ապահովված լինի առաջնային անհրաժեշտ բժշկական ծառայություններով։ Օրենքով ամրագրված է ապահովագրական համակարգի փուլային ներդրումը երեք տարվա ընթացքում», - հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ օրենքը մշակվել է զրոյից և կարգավորում է բժշկական ապահովագրության ողջ իրավական ոլորտը՝ ծառայությունների փաթեթի բովանդակությունից մինչև փոխհատուցման և բողոքների քննարկման կարգը։
Նա նշեց, որ առաջին փուլը կսկսվի 2026 թվականին, երբ համակարգում կներառվեն երկու խումբ՝ անձինք, որոնց ապահովագրությունը ֆինանսավորվում է պետության կողմից՝ մինչև 18 տարեկան անչափահասներ, 65 տարեկանից բարձր անձինք, 18-ից 65 տարեկան հաշմանդամություն ունեցող անձինք (I, II, III խմբեր), ինչպես նաև 28 և ավելի սոցիալական անապահովության միավոր ունեցող ընտանիքներ։
Նախարարը հայտնեց, որ երկրորդ փուլում, սկսած 2027 թվականից, համակարգ կներառվեն մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող անձինք, իսկ 2028 թվականից՝ մնացած խմբերը։
«Ապահովագրությունը ֆինանսավորելու է առաջնային բուժօգնությունը, շտապ օգնությունը և ստացիոնար բուժումը։ Ծառայությունների կոնկրետ ցանկը կհաստատվի կառավարության որոշմամբ», - ասաց Ավանեսյանը։
Նախարարը նշեց, որ ապահովագրությունը համընդհանուր է և կներառի Հայաստանի բոլոր քաղաքացիներին, սակայն այն չի ծածկի յուրաքանչյուր մարդու բժշկական կարիքների ողջ շրջանակը։
«Այն ուղղված է այն վիճակների և հիվանդությունների մեղմացմանը, որոնք հանդիսանում են հիվանդացության և մահացության հիմնական գործոնը, ինչպես նաև բուժման լավագույն արդյունքների ապահովմանը», - ընդգծեց Ավանեսյանը։
ՀՀ-ում առողջության պարտադիր ապահովագրության համակարգի մասին
2026 թվականին՝ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին անցնելու առաջին փուլում (2026-2028), ապահովագրված կլինի 1.7 միլիոն ՀՀ բնակիչ։ Նրանց թվում են 18 տարեկանից փոքր և 65 տարեկանից բարձր անձինք, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձինք և սոցիալական նպաստներ ստացողները։ Այս անձանց համար պետությունը կծածկի ծախսերի 100%-ը։ Այս համակարգը կներառի նաև 190,000 աշխատող քաղաքացու, որոնց ամսական եկամուտը գերազանցում է 200,000 դրամը։ Առողջության ապահովագրության փաթեթի արժեքը կկազմի տարեկան 129,600 դրամ, որը կվճարվի ամսական։
Ապահովագրությունը կծածկի ամենապահանջված ծառայությունները, այդ թվում՝ ամբուլատոր բուժօգնությունը, կլինիկա այցելությունները, ընտանեկան բժշկի այցելությունները, մասնագետների խորհրդատվությունները և տարեկան որոշակի քանակությամբ լաբորատոր հետազոտություններ։ Ծառայությունների ցանկը կընդլայնվի և կհստակեցվի՝ ներառելով որոշակի վիրաբուժական միջամտություններ, այդ թվում՝ ակնաբուժական (կատարկտ), սրտանոթային և այլն։
2026 թվականի բյուջեով առողջության ապահովագրության համակարգի ներդրման համար հատկացված է 127 միլիարդ դրամ։