Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Բնության պաշտպանությունը պետության, բիզնեսի և հասարակության ընդհանուր գործն է. ՀՀ վարչապետ

05.06.2013, 17:13
Բնության պաշտպանությունն ինչպես բարձրաստիճան պաշտոնյաների և գործարարների, այնպես էլ շարքային քաղաքացիների ընդհանուր գործն է, ասվում է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի` Բնապահպանի միջազգային օրվան նվիրված շնորհավորական ուղերձում։
Բնության պաշտպանությունը պետության, բիզնեսի և հասարակության ընդհանուր գործն է. ՀՀ վարչապետ
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /ԱՌԿԱ/. Բնության պաշտպանությունն ինչպես բարձրաստիճան պաշտոնյաների և գործարարների, այնպես էլ շարքային քաղաքացիների ընդհանուր գործն է, ասվում է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի` Բնապահպանի միջազգային օրվան նվիրված շնորհավորական ուղերձում։

«Հայաստանի լիազոր պետական մարմինները հասարակական կազմակերպությունների հետ համատեղ պետք է սերունդների` բնապահպանական խնդիրների շուրջ պատշաճ մակարդակի երկխոսություն ապահովեն»,– ասվում է վարչապետի ուղերձում, որն ընթերցեց կառավարության ղեկավարի օգնական Հայկ Թութունջյանը բնապահպանի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը։

Սարգսյանի խոսքով, հայկական հասարակությունում բնության նկատմամբ սերը և դրա պաշտպանության անհրաժեշտությունը պետք է սերմանեն վաղ հասակից։

«Հայաստանի բնությունը մեր ընդհանուր հարստությունն է, և դրա մասին հոգ տանելը` պարտավորություն»,– ասվում է ուղերձում։

Վարչապետը միաժամանակ նշել է, որ բնապահպանությունն ու արդյունաբերությունը կարող են գոյություն ունենալ` միմյանց չհակասելով։

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն իր հերթին նշեց, որ Հայաստանը նշում է Բնապահպանի միջազգային օրը 2004 թվականից, և շնորհավորեց ոլորտի բոլոր աշխատողներին տոնի առթիվ։

«Բնապահպանության խնդիրն աշխարհի բոլոր երկրների գլոբալ խնդիրներից է, և այսօր ևս մեկ հնարավորություն է ընձեռվել հրավիրելու հասարակության ուշադրությունը բնապահպանության խնդիրներին»,– ասաց Հարությունյանը։

Հայաստանում ՄԱԿ–ի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոյի խոսքով, հայ հասարակությունում բնության նկատմամբ հատուկ սեր կա։

«Ես բոլորովին վերջերս եմ Հայաստանում, բայց արդեն տպավորված եմ այստեղի բնությամբ և այն սիրով, որ ունեն տեղի բնակիչները բնության նկատմամբ»,– ասաց Բուզետոն` նշելով, որ բնության պաշտպանության գործում մեծ ավանդ կարող են ունենալ երեխաները։

Ամեն տարի ամբողջ աշխարհում հունիսի 5–ին նշվում է Շրջապատող միջավայրի համաշխարհային օրը, որը հռչակվել է ՄԱԿ–ի Գերագույն ասամբլեայի 27–րդ նստաշրջանում` 1972 թվականի դեկտեմբերի 15–ին։

Համաշխարհային օրվա ամսաթիվ է ընտրվել այն օրը, երբ 1972 թվականին իր աշխատանքն է սկսել Շրջակա միջավայրի խնդիրների ստոկհոլմյան համաժողովը։ -0-