Boeing–ի ներկայացուցիչները վարչապետի հետ խոսել են Հայաստանում հնարավոր գործունեության մասին

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Boeing միջազգային կորպորացիայի փոխնախագահ Ռիչարդ Մուեհլենբեկին, կորպորացիայի մարքեթինգի գծով տնօրեն Ալեմ Վալիին և ֆինանսական հաճախորդների գծով ղեկավար Մհեր Պապյանին: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ավիահաղորդակցության ոլորտում համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր:
Վարչապետը ողջունել է Ռիչարդ Մուեհլենբեկի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և նշել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է «Բոինգ» աշխարհահռչակ կորպորացիայի հետ փոխշահավետ համագործակցությամբ:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ավիահաղորդակցության բնագավառի զարգացումը մեր երկրում՝ հավելելով, որ ոլորտը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում:
«Բոինգ»-ի ղեկավար կազմի ներկայացուցիչներն անդրադարձել են Հայաստանում հնարավոր գործունեությանը և համագործակցության ուղղություններին, այդ թվում` ավիացիոն շուկայի հնարավորություններին:
Հանդիպման արդյունքներով վարչապետն առաջարկել է շարունակել քննարկումները Հայաստանի կառավարության ոլորտային պատասխանատուների հետ՝ համագործակցության հնարավորությունները հստակեցնելու նպատակով: -0-