Рейтинг@Mail.ru
USD
378.26
EUR
446.88
RUB
4.9259
GEL
140.65
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Բոլոր բժշկական ծառայություններից օգտվելիս քաղաքացիներին կտրամադրվի ՀԴՄ կտրոն․ նախագիծ

Այսօր, 13:46
Նախագծով առաջարկվում է բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար պարտադիր դարձնել էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառումը
Բոլոր բժշկական ծառայություններից օգտվելիս քաղաքացիներին կտրամադրվի ՀԴՄ կտրոն․ նախագիծ

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Բոլոր բժշկական ծառայություններից օգտվելիս քաղաքացիներին կտրամադրվի ՀԴՄ կտրոն, ամբողջ տեղեկատվությունը հավաքագրվելու է Armed ծրագրային համակարգում, և արդյունքում կունենանք մեկ միասնական տեղեկատվական համակարգ:

Այս մասին այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնել է պատգամավոր Ծովինար Վարդանյանը՝ ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ 

Նախագծով առաջարկվում է բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար պարտադիր դարձնել էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառումը։ 

Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի առկայությունը պարտադիր կլինի նաև այն դեպքում, երբ վճարումն իրականացվել է վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող վճարային գործիքների միջոցով։ 

«Ծառայությունների մատուցման համար կատարված վճարման դիմաց կգեներացվի էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն, որը քաղաքացին կարող է ստանալ էլեկտրոնային առողջապահական համակարգի հավելվածի միջոցով», ասել է Վարդանյանը: 

Առաջարկվում է նաև ՀԴՄ կտրոնի վրա տպագրել յուրաքանչյուր բժշկական ծառայության անհատականացված նույնականացման ծածկագիրը, որը ցույց կտա, թե որ ծառայություններից է օգտվել քաղաքացին և որքան է վճարելտվյալ ծառայության համար։ 

«Սա նաև վերահսկողական գործիք է», – նշել է պատգամավորը։ 

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին։