Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 17, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+21

Հայկական չարտոնագրված ոչ պետական բուհերի շրջանավարտները կկարողանան պետական նմուշի դիպլոմներ ստանալ. նախարար

06.11.2014, 16:56
Հայկական չարտոնագրված ոչ պետական բուհերի շրջանավարտները կկարողանան պետական նմուշի դիպլոմներ ստանալ, հինգշաբթի լրագրողներին կառավարության նիստից հետո հայտնեց Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։
Հայկական չարտոնագրված ոչ պետական բուհերի շրջանավարտները կկարողանան պետական նմուշի դիպլոմներ ստանալ. նախարար
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական չարտոնագրված ոչ պետական բուհերի շրջանավարտները կկարողանան պետական նմուշի դիպլոմներ ստանալ, հինգշաբթի լրագրողներին կառավարության նիստից հետո հայտնեց Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հաստատեց նախորդ տարիների ոչ պետական չարտոնագրված բուհերի շրջանավարտներին պետական նմուշի դիպլոմի տրամադրման կարգը։

«Մի քանի տարի առաջ մենք նմանատիպ փոփոխություններ ենք կատարել օրենքում, որպեսզի հազարավոր մարդիկ, ովքեր 90–ականներից մինչ օրս սովորում են և ավարտում չարտոնագրված ոչ պետական հաստատություններ և ստանում են Հայաստանի տարածքում և արտերկրում իրավական որևէ ուժ չունեցող դիպլոմներ, կարողանան ստանալ պետական դիպլոմներ»,– ասաց Աշոտյանը։

Ըստ նրա, այդ կապակցությամբ կառավարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որը թույլ է տալիս չարտոնագրված բուհերի շրջանավարտներին, ովքեր ունեն ոչ պետական նմուշի դիպլոմ, կրկին պետական քննություններ հանձնել համապատասխան բուհերում, որոնք կսահմանի նախարարությունը։

Ինչպես նշեց նախարարը, քննությունները հաջող հանձնելու դեպքում շրջանավարտները կկարողանան ստանալ նույն մասնագիտության պետական դիպլոմ։

«Նախորդ տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ նմանատիպ բուհերի շրջանավարտների միայն 30 տոկոսն է կարողացել կրկնակի պետական քննություններ հանձնել և փոխել դիպլոմները։ Նոր օրենքով կառավարությունը երկարացնում է նմանատիպ մեխանիզմի գործողության ժամկետը մինչև 2016-2017 թվականները, քանի որ կան դեռ հարյուրավոր մարդիկ, ովքեր չեն հասցրել օգտվել այդ հնարավորությունից»,– ասաց Աշոտյանը։

Կրթության և գիտության նախարարության տվյալով` նախորդ տարիներին պետական նմուշի դիպլոմ ստանալու համար դիմել են չարտոնագրված բուհերի 2650 շրջանավարտներ, որոնցից պետական քննություն հանձնելուց հետո դիպլոմ է ստացել 1900 մարդ։ -0-