Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Կորոնավիրուսով հիվանդների անձնական տվյալների հավաքում ու մշակում. ինչ է նախատեսում ԱԺ-ում քննարկվող օրենքի փաթեթը

30.03.2020, 14:48
Կորոնավիրուսով հիվանդների անձնական տվյալների հավաքում ու մշակում. ինչ է նախատեսում ԱԺ-ում քննարկվող օրենքի փաթեթը

Կորոնավիրուսով հիվանդների անձնական տվյալների հավաքում ու մշակում. ինչ է նախատեսում ԱԺ-ում քննարկվող օրենքի փաթեթը

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի./ԱՌԿԱ/. ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստ է հրավիրել, որի շրջանակում քննարկվում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում լրացումների կատարումը, որոնցով նախատեսվում է օնլայն վերահսկողության սահմանումը կորոնավիրուսով վարակված քաղաքացիների կոնտակտներին հետևելու նպատակով:

Մասնավորապես, ՀՀ ազգային ժողովն այսօր քննարկում է կառավարության կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով կորոնավիրուսի հետևանքով առաջացած արտակարգ դրության ժամանակ մարդկանց անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության, գաղտնիության իրավունքներին միջամտություն իրականացնելու հնարավորություն է տրվում: 

Մարտի 30-ի դրությամբ, ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 482 դեպք: Բուժվել է 30 մարդ, երեք պացիենտ մահացել է:

«Պանդեմիայի տարածման և կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտություն է առաջացել լրացումներ կատարել Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքում»,- ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասել  է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Օրենքում նախատեսվող լրացումները ներկայացնելիս նա ընդգծել է, որ անձնական տվյալների հավաքումն ու մշակումը վերաբերում է բացառապես համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ դրություն հայտարարելուն:

Ռուստամ Բադասյանը նշել է, որ փոփոխությունները, մասնավորապես, նախատեսում են հաճախորդի տեղորոշում, նշվել է, նաև որ ֆիքսվելու են վերջինիս հեռախոսահամարի հետ ուղիղ կամ միջնորդավորված կապ ունեցող հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցություն սկսելու ամսաթիվը:

Ընդ որում Բադասյանը շեշտել է, որ հեռախոսային զանգերի կամ հաղորդագրությունների բովանդակությունը հասանելի չի լինելու ՝ հիշեցնելով, որ տեղեկատվության ապօրինի օգտագործումը հետապնդվում է օրենքով:

«Այս օրենքով չսահմանված նպատակներով տեղեկատվության գտագործման դեպքում, առկա է նաև քրեական պատասխանատվություն՝ 144, 145 և 146 հոդվածներով»,- նշել է նա: 

«Առաջարկվում է ներդնել էլեկտրոնային հաղորդակցության միջոցներ և ծրագրեր, այդ էլեկտրոնային հավելվածների միջոցով հնարավոր կլինի ստուգել անձանց առողջության վիճակի մասին տվյալներ, մեկուսացման, ինքնամեկուսացման պահանջներ ներկայացնել. դրա միջոցով իրականացնել որոշակի վերահսկողություն»,- նշել է Բադասյանը: 

«Միջազգային փորձը ուսումնասիրվել է, և ուսումնասիրվել է այն երկրների փորձը, որտեղ ժամակակից տեխնոլոգիական միջոցները կիրառվել են և դրա արդյունքը: Եթե համեմատենք այն երկրները, որտեղ կիրառվել են նման միջոցառումներ, օրինակ, մարտի 26-ի դրությամբ Հարավային Կորեայում եղել է 9241 վարակվածության դեպք, մահացել է 131 մարդ, իսկ Իտալիայում 74386 վարակվածության դեպք, մահացության ցուցանիշը կազմել է՝ 7503»,- նշել է Բադասյանը:

Ընդ որում նա ընդգծել է, որ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի միջազգային փորձի ուսումնասիրումը թույլ է տալիս գալ եզրահանգման, որ կիրառվող միջոցառումները խտրական չեն մարդու իրավունքների նկատմամբ:

«Այն միջոցառումները, որ կառավարությունն առաջարկում է սույն օրենքների փաթեթի տեսքով ամբողջությամբ իրավաչափ են»,- եզրափակել է նա:                                           

Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14–ը հայտարարվել է արտակարգ դրություն` երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, ինչի կապակցությամբ մարտի 24–ին ժամը 23։59–ից մինչև մարտի 31–ը ժամը 23։59–ը Հայաստանում գործում են քաղաքացիների տեղաշարժման և տնտեսական գործունեության իրականացման նոր սահմանափակումներ։-0-