Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Առաջին դասարանցուն դպրոցին նախապատրաստելը հայկական ընտանիքի համար կարժենա միջինը 100 դոլար

23.08.2014, 15:33
Առաջին դասարանցուն դպրոցին նախապատրաստելը հայկական ընտանիքի համար կարժենա, միջինը 100 դոլար, շաբաթ օրը լրագրողներին հայտնեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը։
  Առաջին դասարանցուն դպրոցին նախապատրաստելը հայկական ընտանիքի համար  կարժենա միջինը 100 դոլար
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Առաջին դասարանցուն դպրոցին նախապատրաստելը հայկական ընտանիքի համար կարժենա, միջինը 100 դոլար, շաբաթ օրը լրագրողներին հայտնեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը։

Ըստ նրա` սեպտեմբերի 1–ի նախաշեմին գնումներ կատարող ընտանիքները կարող են ավելի մեծ գումար էլ ծախսել, միաժամանակ, դրանում ընդգրկված չէ մարզահագուստը։

Նա նշեց, որ ավանդաբար Հայաստանում բոլոր խոշոր իրադարձություններից կամ տոներից առաջ աճում են այդ տոնի հետ կապված ապրանքների գները, մասնավորապես, այս դեպքում` դպրոցական պարագաների, ինչը պայմանավորված է պահանջարկի աճով։

«Դա հիմնականում պայմանավորված է գնորդների մոտեցմամբ` պարտադիր կարգով գնել բոլոր անհրաժեշտ ապրանքները, իսկ մյուս կողմից վաճառողների հոգեբանությամբ` ստանալ առավելագույն այսրոպեական շահ»,– ասաց Խաչատրյանը։  

Մյուս կողմից, տնտեսագետի խոսքով, դա նաև կապված է մի շարք տնտեսվարող սուբյեկտների երկարաժամկետ ծրագրման և մարքեթինգի բացակայությամբ։ Նրանք կարող էին ավելի գրագետ իրացնել այդ ապրանքները և ավելի տևական ժամանակահատվածում առանց մեծ բարդությունների։  

Հայաստանի Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը նշեց, որ գների աճի ֆոնին բնակչության վճարունակութունը շարունակում է բավականին ցածր մնալ։

«Կարևոր է մտածել ոչ միայն նյութական խնդիրների, այլ նաև դպրոցականների հոգևոր և մշակութային դաստիարակության մասին, ինչի համար գործնականում ոչ մի ռեսուրս չի հատկացվում»,– նկատեց Պողոսյանը։

Միաժամանակ նա հատուկ կարևորեց սահմանին ապրանքների հավաստագրումը, ընդգծելով, որ մեծ թվով դպրոցական պարագաներ բավականին ցածրորակ են։

«Եթե ավելի վաղ հավաստագրումը կատարվում էր անմիջապես սահմանին ապրանքի ներկրման ժամանակ, և անորակ ապրանքը պարզապես չէր անցկացվում, ապա օրենսդրական փոփոխություններից հետո հավաստագրումն անցկացվում է արդեն ապրանքների` խանութներում հայտնվելուց հետո և հաճախ չի վերահսկվում»,– ասաց Պողոսյանը։

Երևանի դպրոցներում, նախնական տվյալներով, օգոստոսի 21–ի դրությամբ, առաջին դասարան ընդունվելու 10.5 հազար հայտ է ներկայացվել։ 2013 թվականին մայրաքաղաքի դպրոցներն ընդունել էին մոտ 11.7 հազար առաջին դասարանցու։

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության տվյալներով` ներկայում քաղաքապետարանի ենթակայության տակ է 159 դպրոց, որտեղ 2013-2014 ուստարում սովորել է 79017 աշակերտ, որոնցից 6858–ն ավարտել է հիմնական, իսկ 441–ը` միջնակարգ դպրոց։ -0-