Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի հետ կապված քրվարույթի շրջանակում ձերբակալվել է 9 անձ

07.11.2025, 22:15
Փաստաբանի հաղորդմամբ, Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի հետ կապված քրվարույթի շրջանակում ձերբակալվել է 9 անձ

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Հանցավոր կազմակերպության անդամների կողմից 2008-2014 թվականներին Երևան համայնքին պատկանող շուրջ 73.8 հա մակերեսով հողատարածքները հափշտակելու, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձերբակալվել է 9 անձ, հայտնում է Քննչական կոմիտեն։

«Վերջիններիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան», – նշվում է ՔԿ–ի հաղորդագրության մեջ։

Հայկական լրատվամիջոցների հաղորդմամբ, այս գործով անցնում է նաև էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը։

Քերոբյանի փաստաբան Տիգրան Եղոյանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը չի ճանաչում մեղքը։ Փաստաբանի հաղորդմամբ, Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։

Ավելի վաղ ՔԿ–ից հայտնել էին, որ հանցավոր կազմակերպության անդամները 2008-2014 թվականներին հափշտակել են Երևան համայնքին պատկանող շուրջ 73.8 հա մակերեսով հողատարածքները, կատարել առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։

Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է հանցավոր կազմակերպության կողմից 2008-2014 թվականներին կատարված կոռուպցիոն դեպք:

Մասնավորապես՝ նախաքննության ընթացքում պարզվել է, որ գինու-կոնյակի գործարանի սեփականատեր Հ.Մ.-ն ունենալով մտերիմ հարաբերություններ Կադաստրի կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարի, ինչպես նաև մի քանի ընկերությունների փաստացի սեփականատեր Գ.Ա.-ի հետ, Երևան քաղաքում գտնվող 40 հա, 19,3 հա և 14,5 հա մակերեսով հողամասերը կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ Երևան համայնքի գույքային ֆոնդից ապօրինի դուրս բերելու, դրանք՝ որպես սեփականություն Հ.Մ.-ին փոխկապակցված ֆիզիկական ու իրավաբանական անձանց անուններով ձևակերպելու արդյունքում խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու և փողերի լվացում կատարելու նպատակով ստեղծել և ղեկավարել են հանցավոր կազմակերպություն:

Հանցավոր կազմակերպության անդամները նշված անշարժ գույքերը իրենց հետ փոխկապակցված ընկերությունների միջոցով տարբեր ժամանակահատվածներում գրավադրել են տարբեր առևտրային բանկերում՝ ստանալով 10 մլն և ավելի ԱՄՆ դոլարի վարկեր:

Այնուհետև, Կադաստրի կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարը պաշտոնեական լիազորությունները չարաշահելով, պաշտոնեական կեղծիք և խարդախություն կատարելով ապահովել է հանցավոր կազմակերպության մյուս ղեկավարներին և մասնակիցներին Երևան համայնքին պատկանող մի շարք հողատարածքների՝ սեփականության իրավունքի կեղծ վկայականների տրամադրումը՝ հետագայում մի շարք ձևական քաղաքացիաիրավական գործարքների միջոցով նշված անձանց կողմից փողերի լվացում կատարելու նպատակով:

Իրենց հերթին հանցավոր կազմակերպության մասնակիցները գիտակցելով, որ վերը նշված հողատարածքները ձեռք են բերվել մի շարք հանցանքների կատարման արդյունքում և դրանք ունեն հանցավոր ծագում, ի կատարումն հանցավոր կազմակերպության ղեկավարների կողմից տրված հանձնարարականների, ձեռնամուխ են եղել հանցավոր կազմակերպության վերջնական նպատակին հասնելուն:  

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում բացահայտվել է հանցավոր կազմակերպության մեջ ներառված անձանց շրջանակը: Վերջիններիս բնակարաններում կատարվել են մեկ տասնյակից ավելի խուզարկություններ, որոնց ընթացքում հայտնաբերվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող առարկաներ: