ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը բավարար է համարել Հայաստանի ջանքերը ԵՄ-ի հետ վիզայի ազատականացման համար
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ ԵՄ-ի հետ վիզայի ազատականացումը իրատեսական է Հայաստանի համար, ասել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։
«Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը քաղաքական բացառիկ քայլ էր, որ արվեց անցյալ տարի: Մենք դրա մեկնարկը տվեցինք 2024-ի սեպտեմբերի 9-ին: Վերջին հինգ տարիների ընթացքում, երբ Եվրոպական հանձնաժողովը նախագահել է Ուրսուլա Ֆոն դեր Լայենը (խմբ․ 2019), մենք փաստացի վիզաների ազատականացման վերաբերյալ երկխոսություն չենք սկսել որևէ այլ գործընկերոջ հետ: Այնպես որ, դա նշանակալի իրադարձություն է: Եվ մենք դա արեցինք, որովհետև հավատում ենք դրան, որովհետև հավատում ենք, որ դա իրատեսական է»,-ասել է դեսպանը Civilnet-ի հետ զրույցում։
ԵՄ դեսպանը կարծում է, որ մինչ այս Հայաստանի կողմից արված աշխատանքը բավարար է վիզաների ազատականացմանը հասնելու համար:
«Մենք գնահատողական առաքելություններ ենք ունեցել, երբ հունիսին այստեղ էր Բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը: Նա հայտարարեց վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի նախապատրաստման ներքին հանձնաժողովի աշխատանքների ավարտի մասին: Այժմ սա քննարկվում է անդամ պետությունների հետ, և երբ այս քննարկումն ավարտվի, հուսով եմ՝ շուտով գործողությունների ծրագիրը կներկայացնենք հայ հանրությանը, հայաստանյան իշխանություններին»,- ասել է Մարագոսը:
Մարագոսն ասել է, որ այդ գործողությունների ծրագրի իրականացումը կսահմանի այն ժամանակացույցը, թե ՀՀ քաղաքացիները երբ հնարավորություն կունենան առանց վիզայի ճանապարհորդել ԵՄ՝ հավելելով, որ դրա համար կպահանջվի առնվազն երեք տարի։
Հայաստան-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսություն
ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսությունը պաշտոնապես մեկնարկել է 2024 թ.-ի սեպտեմբերին: 2025 թ.-ի փետրվարի 10-14-ը ԵՄ փորձագետների առաջին առաքելությունը այցելել է Հայաստան՝ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության շրջանակում: Այցի նպատակն էր իրականացնել Հայաստանի պատրաստվածության համապարփակ գնահատում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են փաստաթղթերի անվտանգությունը, սահմանների և միգրացիայի կառավարումը, ինչը կնպաստի մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի մշակմանը: