Երևանի կենտրոնում երթևեկության փոփոխություն է նախատեսված

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի․/ԱՌԿԱ/․ Հունիսի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում, հաղորդում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Մասնավորապես՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ – Արգիշտի փողոցների խաչմերուկում՝ Արշակունյաց պողոտա - Սուրբ Գրիգոր Լուսավորիչ - Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկից եկող ուղղությամբ դեպի Արգիշտի փողոց ձախ շրջադարձը թույլատրված երկու երթևեկելի գոտիների փոխարեն կկազմակերպվի մեկ գոտուց:
Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկում՝ դեպի «Հաղթանակի» կամուրջ ուղղությամբ ձախ շրջադարձ կատարող մեքենաններին մեկ երթևեկելի գոտու փոխարեն կթույլատրվի ձախ շրջադարձ կատարել երկու երթևեկելի գոտուց:
Ինչպես նաև Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկից դեպի «Հաղթանակի» կամուրջ ուղղությամբ կարգելվի մեքենաների կանգառը: