Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+13

Genealogy խումբն ամբողջ կազմով ներկայացրեց «Մի՛ ժխտիր» երգը

13.03.2015, 11:00
Genealogy խումբը հինգշաբթի Հայաստանի հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում ներկայացրեց  «Մի՛ ժխտիր» երգը, որով Հայաստանը կներկայանա «Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթում։
 Genealogy խումբն ամբողջ կազմով ներկայացրեց «Մի՛ ժխտիր» երգը

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /ԱՌԿԱ/. Genealogy խումբը հինգշաբթի Հայաստանի հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում ներկայացրեց  «Մի՛ ժխտիր» երգը, որով Հայաստանը կներկայանա «Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթում։

Երաժշտության հեղինակը հայտնի կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանն է, խոսքերը` Իննա Մկրտչյանինն է, տեսահոլովակի ռեժիսորը Արեն Բայադյանն է։

Տեսահոլովակի պրեմիերայից անմիջապես առաջ հայտնի դարձավ Genealogy խմբի վեցերորդ մասնակցի անունը` նա  Հայաստանը ներկայացնող  Ինգա Արշակյանն է։

Genealogy խմբում ընդգրկվել են հինգ մայրցամաքներում և Հայաստանում բնակվող հայ երգիչներ։ Մրցույթի վեց մասնակիցները կդառնան Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումները խորհրդանշող անմոռուկի ինքնատիպ խորհրդանիշը ։

Խմբի վեց մասնակիցներն են ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյանը (Essaï), երգչուհի Թամար Կապրելյանն ԱՄՆ–ից, Աֆրիկան ներկայացնում է եթովպահայ երգիչ Վահե Թիբլյանը (Vahe Tilbian), Ասիան ներկայացնում է Ճապոնիայում բնակվող Ստեֆանի Թոփալյանը (Stephanie Topalian), Ավստրալիան ներկայացնում է օպերային երգչուհի Մերի-Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյանը (Mary-Jean O'Doherty (Vasmatzian), Հայաստանը` Ինգա Արշակյանը։

Genealogy խմբի առաջին մասնակիցը, ով ներկայացնում է Եվրոպան, ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյանն (Essaï) է, ով փետրվարի սկզբին նոր երգ ներկայացրեց` «Je n'oublie pas» ( «Չեմ մոռանա»)` նվիրված Հայոց ցեղասպանությանը։

Երկրորդ մասնակիցը ամերիկահայ երգչուհի Թամար Կապրելյանն (Tamar Kaprelian) է, ով հայտնի է դարձել 2008 թվականի մարտին, երբ հաղթել է Interscope Records մրցույթում` OneRepublic խմբի Apologize երգի լավագույն cover-ի համար։

Երրորդ մասնակիցը Վահե Թիլբյանն է, ով ծնվել և մեծացել է Եթովպիայում, նա ճանաչված արվեստագետ է, հայտնի է իր յուրօրինակ երաժշտական ոճով՝ ռոք, տեխնո, ռեգգի, R&B, հայկական և եթովպական, նաև` լատինո:

Չորրորդը Ճապոնիայից երգչուհի և դերասանուհի Ստեփանի Թոփալյանն է (Stephanie Topalian)։ Ստեֆանին ծնվել է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում։ Երգել սկսել է տասներեք տարեկանից: Իր երգի աուդիո ձայնագրությունն ուղարկել է տարբեր երաժշտական ձայնագրման ստուդիաներ: Արձագանք է ստացել ճապոնացի երաժշտական պրոդյուսեր Ջո Ռինոյից: 19 տարեկանում Ստեֆանին իր առաջին մեծ քայլերն է կատարել երգի ասպարեզում SME (SONY) ձայնագրման ստուդիայում: Ճապոնական հեղինակավոր երաժշտական «Japan records awards» 49-րդ մրցանակաբաշխության ժամանակ նա ստացել է «Լավագույն նորահայտ արտիստ» մրցանակը: 2007-ին երկու ալբոմ է թողարկել:

Խմբի հինգերորդ մասնակիցն Ավստրալիայում բնակվող օպերային երգչուհի Մերի-Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյանն է։

Ինգա և Անուշ Արշակյանները Հայաստանը ներկայացրել են «Եվրատեսիլ 2009»–ում` գրավելով վեցերորդ տեղը։

«Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում «Կամուրջներ կառուցելով» կարգախոսով։ Այդ կարգախոսը խորհրդանշում է բոլորին միավորող Եվրոպան, քանի որ կազմակերպիչները կարծում են, որ «Եվրատեսիլը» մշակույթներ և լեզուներ է միավորում։

Մրցույթի տարբերանշանն այս տարի ունի թափանցիկ մոլորակի տեսք, որի վրայով անցնում են կամուրջներ` ներկայացնելով տարբեր երկրների առանձնահատկություններն ու արտիստների ընդհանրությունները։

Այս տարի մրցույթին կմասնակցի 39 երկիր` Հայաստանը, Ալբանիան, Ավստրիան, Ադրբեջանը, Բելառուսը, Բելգիան, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Մակեդոնիան (նախկին Հարավսլավիայի մասն է), Վրաստանը, Գերմանիան, Հունաստանը, Հունգարիան, Իսլանդիան, Իռլանդիան, Իսրայելը, Իտալիան, Լատվիան, Լիտվան, Մալթան, Մոլդովան, Մոնտենեգրոն, Նիդեռլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սան Մարինոն, Սերբիան, Սլովենիան, Իսպանիան, Շվեդիան, Շվեյցարիան և Մեծ Բրիտանիան։

Մի քանի երկրներ, այդ թվում` Ուկրաինան, Բուլղարիան, Բոսնիան և Հերցեգովինան, Սլովակիան, Թուրքիան, Լիխտենշտեյնը և Լյուքսեմբուրգը տարբեր պատճառներով հրաժարվել են մասնակցել մրցույթին։

«Եվրատեսիլ-2015» մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը կկայանան մայիսի 19–ին և 21–ին, իսկ եզրափակիչը` մայիսի 23–ին։ Հայաստանը հանդես կգա առաջին կիսաեզրափակիչում։

Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-