Рейтинг@Mail.ru
USD
384.92
EUR
432.84
RUB
4.765
GEL
140.53
2025 թ. մայիսի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+25

Գործելու է ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման նոր ընթացակարգ

31.03.2025, 13:50
Սեպտեմբեր ամսից անաշխատունակության թերթիկներն այլևս չեն կիրառվի, դրանք քաղաքացիներին կտրվեն միայն բացառիկ դեպքերում
Գործելու է ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման նոր ընթացակարգ

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի․/ԱՌԿԱ/․ Ներդրվում է ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման նոր ընթացակարգ․ նպաստները կնշանակվեն, կհաշվարկվեն և կվճարվեն Միասնական սոցիալական ծառայության կողմից, հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ 

Սեպտեմբեր ամսից նպաստ ստանալու համար շահառուն այլևս որևէ դիմում կամ փաստաթուղթ ներկայացնելու կարիք չի ունենա: 

Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված ««Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը։ 

Մինչ այս եղած կարգավորումների համաձայն՝ ժամանակավոր անաշխատունակության կամ մայրության նպաստի նշանակման, հաշվարկման և վճարման համար վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակության թերթիկը ներկայացնում էր գործատուին, որի հիման վրա վերջինս հաշվարկում, նշանակում և իր միջոցների հաշվին վճարում էր նպաստը։ 

Ընդ որում, պետական բյուջեից գործատուի ծախսը փոխհատուցվում էր՝ մայրության նպաստի ամբողջ գումարի չափով, իսկ ժամանակավոր անաշխատունակության նպաստի՝ 6-րդ օրվանից հետո ընկած ժամանակահատվածի համար վճարված գումարի չափով: 

Այսպիսով, պետական նպաստը նշանակվում և վճարվում էր գործատուի կատարած հաշվարկներով, որը բավականին ռիսկային էր։ Բացի դրանից, գործում էր առանձին ընթացակարգ՝ գործատուի ծախսերը փոխհատուցելու համար: 

Անհատ ձեռնարկատերը նպաստ նշանակելու, հաշվարկելու և վճարելու համար Միասնական սոցիալական ծառայություն էր ներկայացնում թե՛ ժամանակավոր անաշխատունակության թերթիկ, թե՛ իր եկամուտների մասին տեղեկատվություն: 

Այսինքն, մինչ այս եղած համակարգը հիմնված է փաստաթղթաշրջանառության վրա, այն դեպքում, որ այդ փաստաթղթերով տրամադրվող տվյալներն առկա են պետական մարմինների կողմից վարվող տեղեկատվական բազաներում: 

Նոր համակարգով սեպտեմբեր ամսից Միասնական սոցիալական ծառայությունը նպաստները կնշանակի, կհաշվարկի անաշխատունակության վերաբերյալ էլեկտրոնային առողջապահական համակարգից և եկամուտների վերաբերյալ հարկային մարմնի կողմից վարվող տեղեկատվական համակարգից ինքնաշխատ եղանակով ստացված տվյալների հիման վրա:

Սեպտեմբեր ամսից անաշխատունակության թերթիկներն այլևս չեն կիրառվի, դրանք քաղաքացիներին կտրվեն միայն բացառիկ դեպքերում (օրինակ` օտարերկրյա պետության լիազոր մարմնին ներկայացնելու համար)։