Հայ-ադրբեջանական սահմանին վիրավորում ստացած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի./ԱՌԿԱ/. Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների կյանքի վտանգ չի սպառնում: Այս մասին այսօր՝ հուլիսի 14-ին Իջևանում ճեպազրույցի ժամանակ հայտնել է ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի կոորդինատոր Արծրուն Հովհաննիսյանը:
«Բարեբախտաբար մեր վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում, հիմնականում միջին ու թեթև վնասվածքներ են ստացել, ընթացքում կփորձենք իրազեկել վիրավորների իրավիճակի մասին»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը:
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման մասին
ՀՀ ՊՆ-ի հաղորդմամբ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանական զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:
Ավելի ուշ, Ժամը 13:45-ին Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել:
Երեկոյան ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են ամբողջ գիշերվա ընթացքում:
Հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվել են հայկական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից և չեզոքացվել:
Հուլիսի 13-ի առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան:
ՊՆ խոսնակի հաղորդմամբ, հուլիսի 13-ին թեթև մարմնական վնասվածներ են ստացել սահմանին մարտական ծառայություն իրականացնող երկու ոստիկան:
Հուլիսի 14-ի գիշերը ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը հայկական ԶՈՒ-ի կողմից վարված կրակով կասեցվել է։
Այս պահի դրությամբ, ցավոք, հայկական կողմն ունի 4 զոհ: -0-