Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+33

Հայաստանը 10 օրով բացում է Թուրքիայի հետ սահմանը Սիրիա հումանիտար բեռներ ուղարկելու համար

20.03.2025, 13:56
ՀՀ կառավարությունն այսօր նիստի ժամանակ որոշում է ընդունել 10 օրով՝ մարտի 21–ից 31–ը բացել Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը Սիրիա հումանիտար բեռներ ուղարկելու համար
Հայաստանը 10 օրով բացում է Թուրքիայի հետ սահմանը Սիրիա հումանիտար բեռներ ուղարկելու համար

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի․/ԱՌԿԱ/․ ՀՀ կառավարությունն այսօր նիստի ժամանակ որոշում է ընդունել 10 օրով՝ մարտի 21–ից 31–ը բացել Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը Սիրիա հումանիտար բեռներ ուղարկելու համար։

Հարցն ընդգրկվել է չզեկուցվողների ցանկում։

Ինչպես նշվում է հիմնավորման մեջ, Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկել նաև Հայաստանի կողմից Սիրիային հումանիտար աջակցություն ցուցաբերելու հարցը: 

Սույն որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության անունից Սիրիայի Արաբական Հանրապետություն ուղարկվելիք, մարդասիրական օգնության համար նախատեսված բեռները Թուրքիայի տարածքով, ցամաքային ճանապարհով տեղափոխելու անհրաժեշտությամբ: 

Ներկայումս հայ-թուրքական պետական սահմանի «Մարգարա» («Ալիջան») անցակետը չի գործում և գործող իրավական կարգավորումներով հնարավոր չէ նշված սահմանային կետով անձանց, բեռների և տրանսպորտային միջոցների անցումը: Սույն նախագծի ընդունումը հնարավորություն կստեղծի Հայաստանի Հանրապետության անունից Սիրիայի Արաբական Հանրապետություն ուղարկվելիք, մարդասիրական օգնության համար նախատեսված բեռներն առավել արագ և նվազ ծախսերով տեղ հասցնելու համար: 

Որոշման նախագիծը ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում: