Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 17, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+22

Հայաստանը չի կարող սփյուռքն ընկալել միայն որպես դոնորի. վարչապետ

04.02.2013, 12:59
Հայությունը միասնական փոխկապակցված օրգանիզմ է, որն ապրում է միասնական տրամաբանությամբ, այդ պատճառով Հայաստանը չի կարող սփյուռքն ընկալել միայն որպես դոնորի, «Մոսկովսկիե նովոստիին» տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Հայաստանը չի կարող սփյուռքն ընկալել միայն որպես դոնորի. վարչապետ
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայությունը միասնական փոխկապակցված օրգանիզմ է, որն ապրում է միասնական տրամաբանությամբ, այդ պատճառով Հայաստանը չի կարող սփյուռքն ընկալել միայն որպես դոնորի, «Մոսկովսկիե նովոստիին» տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

«Մենք նրան (սփյուռքին) սահմանել ենք որպես հայկական աշխարհի մի մաս։ Գոյություն ունեն հայկական աշխարհի տնտեսական շահեր, քաղաքական, լոբբիստական կազմակերպություններ, բարեգործական հիմնադրամներ։ Մեր ժողովրդի երկու երրորդը բնակվում է Հայաստանի սահմաններից դուրս, և վեց  միլիոնանոց Սփյուռքի ազդեցությունը շատ ուժեղ և զգալի է։ Հաճախ Հայաստանը նաև օգնություն է ցուցաբերում հայ համայնքներին»,– ասել է Սարգսյանը։

Նա նշել է, որ վերջին շրջանում Հայաստանի սփյուռքի նախարարության կառուցվածքում նոր վիրտուալ կառուցվածքներ են ստեղծվում, որոնք համախմբում են մարդկանց ըստ մասնագիտությունների` Ճարտարապետների, իրավաբանների համահայկական կազմակերպություն և այլն։

«Նրանք սիմպոզիումներ, համաժողովներ են անցկացնում բոլոր երկրներում։ Դա նպաստում է նրան, որ ազգն ավելի համախմբված է դառնում, և այդ կենդանի օրգանիզմն ինքնարտահայտվելու ավելի մեծ հնարավորություններ է ստանում»,– ավելացրել է նա։

Սարգսյանը պարբերականին նաև պատմել է իր ընտանիքի պատմությունը և 1915թ.–ի Հայոց ցեղասպանության մասին` մասնավորապես նշելով, որ իր նախնիները ծնունդով Էրզրումից են (ժամանակակից Թուրքիայի տարածք)։  

«Իմ պապը հրաշքով է փրկվել։ Կորցնելով ողջ ընտանիքը` ծնողներին, եղբայրներին, քույրերին, սկզբում գաղթել է Ռուսաստան, իսկ այնուհետև Արևելյան Հայաստան։ Եվ 17 տարեկանում կյանքը զրոյից է սկսել։ Մեր ողջ կյանքը ներծծված է պատմական հայրենիքի մասին հիշողություններով` Ցեղասպանության, զոհերի մասին։ Այդ ճակատագրին են արժանացել շատ հայ ընտանիքներ»,– նշել է նա։ –0–