Հայաստանի կառավարությունը Վերին Լարսի այլընտրանք է փնտրում

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը քայլեր է ձեռնարկում նոր տրանսպորտային սխեմաներ մշակելու և Վերին Լարսի այլընտրանքային տարբերակներ գտնելու ու տնտեսվարողներին առաջարկելու ուղղությամբ, երկուշաբթի ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը երկրի խոշորագույն ներկրող տասը կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Ըստ նրա, դա թույլ կտա ինչպես ներկրումը, այնպես էլ արտահանումը կազմակերպել ավելի նպաստավոր պայմաններում և կանխատեսելի ժամանակահատվածում: Տնտեսվարող սուբյեկտները վարչապետի հետ հանդիպման ընթացքում նշել են, որ վերջին ժամանակներում բավականին օպերատիվ են լուծվում փաստաթղթաշրջանառությանը, այդ թվում` մաքսային ձևավորմանը վերաբերող հարցերը։
Որպես խնդիր ներկրողները նշել են բեռնափոխադրումների հարցը, ինչը կապված է Վերին Լարսում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ստեղծված իրավիճակի հետ։
Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստանում որոշ ներկրվող ապրանքների արտադրության կազմակերպման հնարավորությունները։
Ինչպես նշում է կառավարության մամուլի ծառայությունը, նախօրեին վարչապետը հանդիպել է նաև ՀՀ 10 խոշոր արտադրող-արտահանող ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում նա նշեց, որ կառավարությունը մտադիր է գործուն օժանդակություն ցուցաբերել ձեռնարկություններին արտահանման զարգացման հարցում։
Մասնավորապես, ծրագրվում է արտահանումը կարգավորող իրավական նորմերի մշտական մոնիթորինգ անցկացնել, պարզել և վերացնել վարչական խոչընդոտները։
Հանդիպմանը քննարկվել են նաև ՀՀ-ում արտադրված ապրանքների իրացման հետ կապված արտաքին շուկաներում առաջացող խնդիրները: Կարևորվել է մաքսային վարչարարության ընթացակարգերի պարզեցման մեխանիզմների մշակումն ու դրանից բխող գործառույթների իրականացումը: -0-