Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Հայաստանում 8 հազար հաշմանդամ երեխա կա. UNICEF

16.10.2012, 12:58
Հայաստանում այսօրվա դրությամբ 8 հազար հաշմանդամ երեխա կա, ինչը կազմում է երկրում բնակվող երեխաների ընդհանուր թվի մեկ տոկոսը, երեքշաբթի հայտարարեց ՄԱԿ–ի Մանկական հիմնադրամի (UNICEF) հայկական գրասենյակի կրթական ծրագրերի ղեկավար Մերի Պողոսյանը։
Հայաստանում 8 հազար հաշմանդամ երեխա կա. UNICEF
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում այսօրվա դրությամբ 8 հազար հաշմանդամ երեխա կա, ինչը կազմում է երկրում բնակվող երեխաների ընդհանուր թվի մեկ տոկոսը, երեքշաբթի հայտարարեց ՄԱԿ–ի Մանկական հիմնադրամի (UNICEF) հայկական գրասենյակի կրթական ծրագրերի ղեկավար Մերի Պողոսյանը։

«Հաշվի առնելով այն, որ մանկական հաշմանդամության ակնկալվող միջազգային ցուցանիշը կազմում է շուրջ 2.5 տոկոս, հավանական է, որ Հայաստանում կարող է լինել մոտ 12 հազար հաշմանդամ երեխա, որոնց կարգավիճակը տարբեր պատճառներով հաստատված չէ»,– ասաց նա` ներկայացնելով «Կրթության, առողջապահության և սոցիալական պաշտպանության ոլորտների ծառայությունների հասանելիությունը Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաների համար» UNICEF–ի ուսումնասիրությունը։

Այդ պատճառների թվում Պողոսյանը մատնանշեց հատկապես այն, որ ընտանիքը չի ցանկանում, որ երեխան հաշմանդամության կարգավիճակ ստանա։
Նա տեղեկացրեց, որ ուսումնասիրությունն անցկացվել է 5707 երեխաների շրջանում, որոնցից 5322–ն ընտանեկան խնամքի ներքո են, իսկ 385–ը մանկատների սաներ են։

Այսպես, հետազոտությունը բացահայտել է, որ թեպետ ծնողական խնամքի ներքո գտնվող հաշմանդամ երեխաների 70 տոկոսը հանրակրթական դպրոցներ է հաճախում, սակայն դպրոց հաճախող մտավոր հաշմանդամություն և լսողության խնդիրներ ունեցող երեխաների տոկոսը զգալիորեն ցածր է`48 և 56 տոկոս, համապատասխանաբար։
«Մտավոր հաշմանդամություն, ինչպես նաև հենաշարժական համակարգի խնդիրներ ունեցող երեխաներից յուրաքանչյուր չորրորդը դպրոց չի հաճախում։ Ավելին՝ հատուկ հաստատություններում ապրող հաշմանդամություն ունեցող երեխաների մեծ մասը գործնականում հանրակրթական գործընթացից դուրս է մնում` նրանց գրեթե 72 տոկոսը որևէ դպրոց չի գնում»,– ընդգծեց Պողոսյանը։

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն իր հերթին նշեց, որ Հայաստանի կառավարությունը, ստորագրելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ–ի կոնվենցիան, իր վրա մարդու լիարժեք և հավասար իրավունքների և հաշմանդամների հիմնական ազատությունների ապահովման պարտավորություններ է վերցրել։

«Հաշմանդամություն ունեցող անձանց անհրաժեշտ է աջակցել վաղ մանկությունից այնպես, որ նրանք իրենց ներուժն իրագործելու հնարավորություն ունենան և դառնան հասարակության լիարժեք անդամներ։ Մենք կիսում ենք UNICEF–ի` ներառական հասարակության ձևավորման մոտեցումը, և պատրաստ ենք համագործակցել միջազգային հանրության և քաղաքացիական հասարակության կառույցների հետ այդ մոտեցումը կյանքի կոչելու համար»,– ընդգծեց նախարարը։

Ասատրյանը նշեց նաև, որ UNICEF–ի հետազոտությունը կնպաստի Հայաստանի սոցիալական ծառայությունների որակի բարելավմանը, իսկ հրապարակած ցուցանիշները և բացահայտված խնդիրները կօգտագործվեն սոցիալական նոր ռազմավարությունների և քաղաքականության մշակման գործում։ -0-