Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
0

Հայաստանում կարմրուկի դեպքեր չկան, բայց Վրաստան մեկնողներին պետք է պատվաստում կատարել. ԱՆ

14.06.2013, 15:11
Հայաստանում ներկայում կարմրուկի հիվանդացության դեպքեր չեն գրանցվել, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով Հայաստանի առողջապահության նախարարության իմունականխարգելիչ ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանին։
Հայաստանում կարմրուկի դեպքեր չկան, բայց Վրաստան մեկնողներին պետք է պատվաստում կատարել. ԱՆ
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ներկայում կարմրուկի հիվանդացության դեպքեր չեն գրանցվել, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով Հայաստանի առողջապահության նախարարության իմունականխարգելիչ ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանին։

«Համաճարակաբանական իրավիճակը վերահսկվում է։ Հիվանդության բերված դեպքեր առայժմ չկան»,– ասաց նա։

Վրաստանի հիվանդությունների և հանրային առողջության վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով` Վրաստանում կարմրուկով վարակվածների թիվը հասնում է 4 611–ի, որոնցից 1 308–ը հոսպիտալացվել են` բարդություններից ելնելով։

Սահակյանը հայտնեց, որ Վրաստան մեկնել պատրաստվող մարդկանց թվում ռիսկի խմբում են, նախևառաջ, 34 տարեկանից բարձր անձինք, քանի որ պլանային պատվաստումը, որը Հայաստանում անցկացվել է 2007 թվականին, տարածվել է մինչև 28 տարեկան մարդկանց վրա։

«Խորհուրդ է տրվում զբոսաշրջիկներին կարմրուկի պատվաստում կատարել մեկնումից առնվազն չորս շաբաթ առաջ»,– նշեց նա։

Առողջապահության նախարարության փորձագետը միաժամանակ հերքել է հայ–վրացական սահմանին պատվաստման անցկացման լուրերը, ընդգծելով, որ Հայաստան մտնելիս ուժեղացված վերահսկողություն է սահմանվել հիվանդության ախտանիշներով մարդկանց բացահայտելու և դրա տարածումը կանխելու համար։

Կարմրուկը սուր վարակիչ հիվանդություն է, որը փոխանցվում է մարդուց մարդուն օդակաթիլային եղանակով։ -0-