Հայերին շարունակում են մտահոգել գործազրկությունը և աղքատությունը. հետազոտություն
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Վրաստանի բնակիչներին ամենից շատ անհանգստացնող խնդիրները գործազրկությունն ու աղքատությունն են, ուրբաթ հայտնեց Հայաստանում Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի ծրագրերի ղեկավար Նաիրա Վարդանյանը` ներկայացնելով «Կովկասյան բարոմետր» ծրագրի շրջանակում իրականացված հետազոտության արդյունքները:
Հարավկովկասյան երկրների քաղաքական և տնտեսական կյանքին նվիրված հետազոտությունն իրականացվել է 2015 թ.-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Դրա շրջանակում հարցման են ենթարկվել 4200 տնային տնտեսություն Հայաստանում և Վրաստանում: Երկու երկրների բնակիչները պատասխանել են իրենց երկրում սոցիալական, տնտեսական և քաղաքական կյանքին վերաբերող ավելի քան 100 հարցի։
Գործազրկությունը` որպես կարևորագույն խնդիր նշել են հարցվածների 40 տոկոսը Հայաստանում և 51 տոկոսը Վրաստանում, իսկ աղքատությունը` հարցվածների 17 տոկոսը և 16 տոկոսը, համապատասխանաբար:
Հետազոտության տվյալների համաձայն, վերջին տարիներին աճել է այն մարդկանց թիվը, ովքեր իրենց երկիրը չեն համարում ժողովրդական` կազմելով Հայաստանում 32 տոկոս (2013 թ.-ին հարցվածների 28 տոկոսը), Վրաստանում` հարցվածների 17 տոկոս (2013 թ.-ին հարցվածների 11 տոկոսը):
Հանրային կառույցների նկատմամբ վստահության նվազման պայմաններում, շահավետ դրության մեջ են հայտնվում բանակը և եկեղեցին: Մասնավորապես, բանակին լիովին վստահում է հարցված հայերի 76 տոկոսը (2013 թ.-ին հարցվածների 62 տոկոսը), վրացիների` 74 տոկոսը: Եկեղեցուն վստահում է Հայաստանի ռեսպոնդենտների 46 տոկոսը: Բացի այդ, հետազոտությունը ցույց է տվել, որ հարցվածների միայն 15 տոկոսն է հավանություն տվել հետազոտւթյան անցկացման պահին իրականացվող սահմանադրական բարեփոխումներին և միայն 9 տոկոսը` կուտակային կենսաթոշակային համակարգին:
Հարցման արդյունքների համաձայն, ի տարբերություն Վրաստանի (21 տոկոս), հայերի մեծամասնությունը դրական է վերաբերվում ԵՏՄ-ին (52 տոկոս): ԵՄ-ին հնարավոր անդամակցությանը հավանություն է տալիս Հայաստանի հարցված բնակիչների 37 տոկոսը և Վրաստանի` 41 տոկոսը:
Վարդանյանի խոսքով, չնայած տարածաշրջանի բարդ գործընթացներին, մարդիկ շարունակում են ապրել և ստեղծել: Այդ մասին է վկայում երջանկության ցուցանիշը, որը Հայաստանում կազմել է 6,5, և 6,6 Վրաստանում (1-ից 10 սանդղակով):
Հետազոտությունը Հայաստանում անցկացրել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը` ԵՊՀ-ի հետ համատեղ: Կենտրոնը հետազոտություններ է անցկացնում 2004 թ.-ից: -0-