Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
423.89
RUB
4.6403
GEL
141.14
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+12

Հայկական գինիները եվրոպական շուկա դուրս գալու հնարավորություն ունեն. իտալացի փորձագետ

08.08.2012, 15:20
Թեև հայկական գինիներն իտալական շուկայում մեծ ճանաչում չունեն, այնուամենայնիվ գինու եվրոպական շուկա դուրս գալու ներուժ ունեն, «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց «Querciabella» հայտնի ընկերության PR մենեջեր Ստեֆանի Քուադրան (Stephanie Cuadra):
Հայկական գինիները եվրոպական շուկա դուրս գալու հնարավորություն ունեն. իտալացի փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Թեև հայկական գինիներն իտալական շուկայում մեծ ճանաչում չունեն, այնուամենայնիվ գինու եվրոպական շուկա դուրս գալու ներուժ ունեն, «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց «Querciabella» հայտնի ընկերության PR մենեջեր Ստեֆանի Քուադրան (Stephanie Cuadra):

Նախօրեին Իտալիայի դեսպանատանը տեղի ունեցավ «Querciabella» ընկերության գինիների համտեսումը:

«Հայկական գինին հարուստ անցյալ, ներկա և խոստումնալից ապագա ունի: Ինձ համար միշտ հետաքրքրություն է առաջացրել հայկական գինեգործության հին պատմությունը, և համտեսելով հայկական գինին, ես զգում եմ դրա ողջ հարստությունը»,- ասել է Քուադրան:

Նա տեղեկացրեց նաև, որ հնարավոր է արդեն սեպտեմբերին հայկական գինիների խմբաքանակ դուրս բերվի իտալական շուկա:

 «Բոլորովին վերջերս ես մի հայկական գինի տեսա իտալական խանութում, և կարծում եմ, որ այն արդեն սեպտեմբերին մեծ քանակությամբ կհայտնվի մեր շուկայում»,- նշեց Քուադրան:

Միաժամանակ ընկերության ներկայացուցիչն ավելացրեց, որ Երևանում իտալական գինիները ներկայացնելու նախաձեռնությունը բարեկամական քայլ է, որն աջակցություն է ստացել Հայաստանում Իտալիայի դեսպանատան կողմից, սակայն առաջիկայում ընկերությունը չի նախատեսում Հայաստան ներմուծել իր արտադրանքը:

«Ես շատ ուրախ կլինեի, եթե մեր գինիները սկսեին մատակարարվել Հայաստան, և ես հուսով եմ, որ դա մի օր կլինի»,- նշեց Քուադրան:

Նա հայկական մշակույթի նկատմամբ ունեցած հետաքրքրությունը բացատրեց այն հանգամանքով, որ ծնվել է Գլենդելում, որտեղ հայ համայնքը մեծ թիվ է կազմում, և Հայաստանը միշտ իր երկրորդ տունն է համարել:

 «Ես որոշեցի իմ արձակուրդն անցկացնել Հայաստանում, այցելել իմ հայ ընկերներին և միաժամանակ ինչ-որ օգտակար բան անել, ես որոշեցի Հայաստանի հետ կիսել իտալական մշակույթի մի մասը՝ մեր ընկերության լավագույն իտալական գինիների շնորհանդես և համտեսում կազմակերպելով»,- ասաց Քուադրան:

«Querciabella» ընկերությունը 1988թ.-ից  զբաղվում է էկոլոգիապես մաքուր գինու արտադրությամբ, տարեկան արտադրում է հինգ տեսակի շուրջ 300 հազար շիշ գինի՝ Querciabella , Mongrana, Batar, Camartina Palafreno: -0-