Հայկական կարգավորիչը հավանություն է տվել «ՀԷՑ»–ի սեփականատիրոջ փոփոխությանը

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայկական կարգավորիչը չորեքշաբթի հավանություն է տվել «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ի բաժնետոմսերի 70 տոկոսը «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ–ին վաճառելու վերաբերյալ։
Ինչպես նիստի ընթացքում նշեց Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի իրավաբանական և արտոնագրային վարչության պետ Սեդա Շահինյանը, «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ի 100–տոկոսանոց բաժնետեր համարվող «Լիորմանդ Հոլդինգս Լիմիթեդ» ընկերությունը դիմել է ՀԾԿՀ` էլեկտրացանցերի` իրեն պատկանող բաժնետոմսերի 70 տոկոսը «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ–ին վաճառելու դիմումով։
«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ի գլխավոր տնօրենի տեղակալ, էկոնոմիկայի և ֆինանսների տնօրեն Արմեն Արշակյանը պարզաբանեց «ԱՌԿԱ» գործակալությանը, որ «Լիորմանդ Հոլդինգս Լիմիթեդ» ընկերությունը գրանցված է Կիպրոսում և պատկանում է «Տաշիր» խմբին, այդ պատճառով, բացի իրավաբանական փոփոխություններից, այլ փոփոխություններ չեն կատարվում։
«Պարզապես այժմ էլեկտրացանցերի սեփականատերը դառնում է «Տաշիր Կապիտալը», որը գրանցված է Հայաստանի տարածքում։ Միաժամանակ, սեփականատիրոջ փոփոխությունը որևէ կերպ չի անդրադառնա հայկական շուկայում ընկերության աշխատանքի վրա. այն ինչպես աշխատել է արդյունավետ, այնպես էլ կշարունակի գործել», - ասաց Արշակյանը:
2016 թ.-ին «Հայաստանի էլեկտրացանցերի» զուտ շահույթը կազմել է 110 մլն դոլար` 80 մլն դոլար պարտքի մարումից հետո:
«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն էներգետիկ ընկերություն է, որը հիմնականում զբաղվում է Հայաստանի սպառողներին էլեկտրաէներգիայի բաշխմամբ և իրացմամբ:
«Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն, որը պատկանում է խոշոր գերծարար Սամվել Կարապետյանին, ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» էներգետիկ հոլդինգից գնել է երկու հայկական էներգոակտիվներ` «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն և «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն» ԲԲԸ-ն («ՀրազՋԷԿ»): -0-