Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

ՀՀ ԱԱԾ–ն դադարեցրել է ԱԳՆ նախկին ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդումը

24.07.2013, 13:23
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից խորհրդարանի պատգամավոր, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, հաղորդում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի ծառայությունը։
ՀՀ ԱԱԾ–ն դադարեցրել է ԱԳՆ նախկին ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդումը
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից խորհրդարանի պատգամավոր, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, հաղորդում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` ՀՀ ԱԱԾ քննչական վարչության վարույթում քննվող թիվ 58204212 քրեական գործով մեղադրյալ՝ Վարդան Մինասի Օսկանյանը նախաքննական մարմնին 19.07.2013թ. դիմում է ներկայացրել, ապա այդ կապակցությամբ ցուցմունք տվել՝ խոստովանելով, որ Ջոն Հանթսմանի կողմից Սիվիլիթաս Հիմնադրամին բացառապես բարեգործական նպատակներով օգտագործելու համար նվիրաբերված գումարից 250.795,26 ԱՄՆ դոլարն օգտագործել է  անձնական նպատակներով՝ դա դիտարկելով որպես գործարքի իր մասնաբաժին։

Միաժամանակ ԱԳՆ նախկին ղեկավարը  պատրաստակամություն է հայտնել վճարել դրանից առաջացող, հարկային մարմնի կողմից հաշվարկված հարկային պարտավորության գումարը, որը կազմել է 20,14 մլն դրամ (ավելի քան 49 հազար դոլար), և հուլիսի 23–ին ամբողջությամբ գումարը փոխանցել է պետությանը։

Բացի այդ, քրեական գործ հարուցելուց հետո Վարդան Օսկանյանի կողմից Սիվիլիթաս Հիմնադրամ է մուտքագրվել Ջոն Հանթսմանի նվիրաբերած գումարի և դրա ավանդի տոկոսագումարի մնացորդը կազմող՝ 1.086.826 ԱՄՆ դոլար գումար։    

Ինչպես նշեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից, hաշվի առնելով, որ Վարդան Օսկանյանը խոստովանել է, որ նշված գումարը գործարքից իր մասնաբաժինն է՝ եկամուտը, որը ծախսվել է անձնական նպատակներով, այդ գումարը չի հափշտակվել և օրինականացվել, իսկ չվճարված եկամտահարկը հատուցվել է պետությանը, ուստի  նախաքննություն իրականացնող մարմինը որոշում է կայացրել Վարդան Օսկանյանի արարքը վերաորակել որպես առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու հանցակազմ` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով։

Նկատի ունենալով, որ  նա կամովին վերականգնել է հարկային պարտավորություններից առաջացած գումարը՝ 20.140.324 դրամը և տվել է իր համաձայնությունը՝ նախաքննության մարմինը  Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հիմքով  24.07.2013թ. որոշում է կայացրել Վարդան Օսկանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։  

Հայաստանի Ազգային ժողովը հոկտեմբերի 2-ին Օսկանյանին զրկել է պատգամավորական անձեռնխելիությունից` գլխավոր դատախազի միջնորդագրի հիման վրա` կապված եկամուտների օրինականացման մասին քրեական գործի հետ։ --0--