Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
422.79
RUB
4.6543
GEL
141.19
2025 թ. մարտի 27, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+9

ՀՀ օմբուդսմենը խնդրել է Լուկինին պարզել Պոդոլսկում տեղի ունեցած ՃՏՊ-ի ենթադրելի մեղավորի նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի պատճառները

16.07.2013, 14:38
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ՌԴ մարդու իրավունքների լիազոր Վլադիմիր Լուկինին նամակ է ուղարկել` Պոդոլսկում տեղի ունեցած ՃՏՊ-ի ենթադրելի մեղավորի նկատմամբ  նվաստացուցիչ վերաբերմունքի պատճառները պարզելու խնդրանքով:
ՀՀ օմբուդսմենը խնդրել է Լուկինին պարզել Պոդոլսկում տեղի ունեցած ՃՏՊ-ի ենթադրելի մեղավորի նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի պատճառները
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ՌԴ մարդու իրավունքների լիազոր Վլադիմիր Լուկինին նամակ է ուղարկել` Պոդոլսկում տեղի ունեցած ՃՏՊ-ի ենթադրելի մեղավորի նկատմամբ  նվաստացուցիչ վերաբերմունքի պատճառները պարզելու խնդրանքով:

Իր նամակում Անդրեասյանը Լուկինին խորին ցավակցություններ է հայտնել հուլիսի 13-ին տեղի ունեցած սարսափելի ճանապարհատրանսպորտային պատահարի և 18 մարդու մահվան հետ կապված:

Միաժամանակ նա ավելացրել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, ով մեղադրվում է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու մեջ, որի հետևանքով անզգուշությամբ երկու և ավել մարդ զոհվեց, հուլիսի 15-ին դատարան էր ներկայացրել նվաստացուցիչ տեսքով, մասնավորապես` կանացի տնային հագուստով:

«Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության համաձայն` անձի արժանապատվությունը պաշտպանվում է պետության կողմից, և ոչ մի հանգամանք չի կարող պատճառ դառնալ այս օրենքի խախտման: ՌԴ Սահմանադրության 21-րդ հոդվածը երաշխավորում է, որ արժանապատվության իրավունքը ցանկացած անձի իրավունքն է, որը ոչնչով սահմանափակված չէ: Օրենսդիրը, սահմանելով «ոչնչով» հասկացությունը, ենթադրում է արժանապատվությունը նսեմացնող ցանկացած հանգամանքների բացառում»,- նշել է Անդրեասյանը:

Ըստ նրա` անձի արժանապատվության պաշտպանությունը նաև երաշխավորված է Մարդու իրավունքների պաշտպանության և հիմնական ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով: Օմբուդսմենն ավելացրել է, որ անկախ ազգությունից, ռասայից, լեզվից, ծագումից, բնակության վայրից, ինչպես նաև այլ հանգամանքներից, անթույլատրելի են պետական իշխանությունների մարմինների պաշտոնատար անձանց գործողությունները, որոնք որևէ ձևով նսեմացնում են անձի պատիվը և արժանապատվությունը:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատահարը տեղի է ունեցել Ձեր իրավասության տակ գտնվող տարածքում, խնդրում եմ Ձեզ պարզել նվաստացուցիչ վերաբերմունքի և դատարանում Հրաչյա Հարությունյանի նման տեսքով ներկայանալու պատճառները և Ձեր լիազորությունների սահմաններում ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին օգնություն ցուցաբերելուն ուղղված գործողություններ ձեռնարկել և արդյունքների մասին տեղեկացնել ինձ»,- ասվում է Անդրեասյանի նամակում:

«Կարևորելով Հայաստանի և Ռուսաստանի Օմբուդսմենների սերտ և արդյունավետ համագործակցությունը` նախօրոք երախտագիտություն եմ հայտնում ցուցաբերած օգնության համար»,- նշել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը: -0-