ՀՀ զորակոչի համակարգում նախատեսվում են փոփոխություններ․ 1 ամիս ծառայությունը՝ 24 մլն դրամ, 4 ամիսը՝ 18 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում նախատեսվում է կրճատ ժամկետով զինվորական ծառայություն սահմանել,1 ամսվա դեպքում՝ 24 մլն դրամ, 4 ամսվա դեպքում՝ 18 մլն դրամ վճարի դիմաց: Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու առավելագույն սահմանային տարիքը նախատեսել 32 տարեկանը։
Ինչպես կառավարության նիստի ժամանակ նշեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, նախաձեռնությունը ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանինն է, և այն քննարկում է անցել միջգերատեսչական հարթակում, անցել է նախարարական կոմիտեով:
«Առաջարկվում է սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն. 1 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում՝ 20 մլն դրամ, և 6 ամսով ծառայություն անցնելու դեպքում՝ 15 մլն դրամ պետբյուջե վճարելու պայմանով», – հայտարարեց Պապիկյանը։
Նրա խոսքով, պարտադիր զինվորական ծառայություն անցնելու սահմանային առավելագույն տարիքը 27-ի փոխարեն կսահմանվի 37 տարեկանը:
«Մինչև 18 տարին լրանալը կամ զորակոչային տարիքում քաղաքացիություն ստացած և մինչև ՀՀ քաղաքացիություն ստանալն այլ պետություններում զինվորական ծառայություն չանցած կամ մեկ տարուց պակաս ժամկետով ծառայություն անցած քաղաքացիների համար ՀՀ ԶՈՒ-ում օրենքում սահմանված 24-ամսյա ծառայության ժամկետը փոխարինել 12 ամսվա ժամկետով ծառայության: Ինչպես նաև այդ ժամկետով ծառայության չզորակոչվելու դիմաց նախատեսել 2.5 մլն դրամ պետական բյուջե վճարելու պարտականություն», – նշեց Պապիկյանը։
Նախարարն ընդգծեց, որ մինչև 16 տարին լրանալը ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու համար արական սեռի քաղաքացիների համար դիմում ներկայացնելու պետական տուրքի գումարը կսահմանվի 15 մլն դրամ։
Նախագիծը կքննարկվի ԱԺ առաջիկա նիստում: