ՀՀ փոխվարչապետի կնոջ եղբայրը ձերբակալվել է կաշառքի համար
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /ԱՌԿԱ/. Նախօրեին տեղեկություն է ստացվել, որ ժամկետանց մթերքների ներկրման թույլտվություն ստանալու դիմաց կաշառք պահանջելու մեղադրանքով ձերբակալվել են Գյուղատնտեսության նախարարությանն առընթեր Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատողները։ Այդ տեղեկությունը հաստատել է Պետծառայության պետի մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը, գրում է «Հրապարակ» թերթը։
«Ինչպես հաղորդում է newspress–ը, ձերբակալվածներից մեկը փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի կնոջ եղբայրն է։ Մեր տեղեկություններով, նրա անունն Արմեն է։ Նա նոր պետի «մարդն» է և աշխատանքի է ընդունվել արդեն նրա օրոք»,– նշում են հոդվածի հեղինակները։
Թերթը գրում է նաև, որ ձերբակալված աշխատողն այնքան ամուր «թիկունք» ուներ, որ հատուկ նրա համար գերատեսչությունում կառուցվածքային փոփոխություններ են կատարվել, և պաշտոն է ստեղծվել։ Երկրորդ ձերբակալվածը կառույցում վաղուց է աշխատել։
Պարբերականի տեղեկացմամբ, Պետծառայության աշխատողները հունվարին են կաշառք պահանջել։ Նրանք այցելել են կենտրոնում գտնվող խանութներից մեկը և հայտնաբերել ժամկետանց սննդամթերքը, և խմբաքանակը ոչնչացնելու փոխարեն, կաշառք ստանալով, հեռացել են։
Քննչական կոմիտեում հայտնել են, որ հարուցվել է քրեական գործ։
«Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հունվարից գլխավորում է Արմեն Հայրապետյանը։ Մասնագետների գնահատականով, այդ ժամանակից գերատեսչությունում սկսել է աճել կոռուպցիան»,– նշում է պարբերականը։ -0-