ՀՀ-ում գտնվող ԱՀ քաղաքացիները կարող են վերադառնալ Արցախ մինչև ապրիլի 2-ի 23:59-ի ժամանակահատվածը

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի./ԱՌԿԱ/. Արցախի տեղեկատվական շտաբն իր Facebook-յան էջում հայտարարություն է տարածել՝ ուղղված Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Արցախի Հանրապետության քաղաքացիներին:
«Հաշվի առնելով ՀՀ Պարետի 2020 թվականի մարտի 31-ի N 27 որոշմամբ սահմանված՝ ՀՀ ողջ տարածքում անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի ժամանակավոր սահմանափակումները (կապված նոր կորոնավիրուսային վարակի հնարավոր տարածման վտանգի հետ)՝ տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության քաղաքացիները կարող են Արցախ վերադառնալ մինչև 2020 թվականի ապրիլի 2-ի ժամը 23.59-ի ժամանակահատվածը, քանի որ դրանից հետո անձանց տեղաշարժը ՀՀ ոստիկանության կողմից կսահմանափակվի»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության համաձայն, նշված սահմանափակումից բացառություն են կազմում ՀՀ Պարետի որոշմամբ սահմանված՝ բեռնափոխադրումներ իրականացնող անձինք, ովքեր կարող են սահմանված կարգով «Արտակարգ դրության ժամանակահատվածում գործատուի տեղեկանք» և անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում ՀՀ տարածքում տեղաշարժվել (ինչպես նաև սահմանային հսկիչ կետերով անցնել) նաև ապրիլի 2-ից հետո:
Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14–ը հայտարարվել է արտակարգ դրություն` երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, ինչի կապակցությամբ մարտի 24–ին ժամը 23։59–ից Հայաստանում գործում են քաղաքացիների տեղաշարժման և տնտեսական գործունեության իրականացման նոր սահմանափակումներ։ Պարետի հանձնարարականով, կորոնավիրսի տարածմամբ պայմանավորված մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացվել է արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները:
Հայաստանում ապրիլի 1-ի ժամը դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 571 դեպք։ 31 մարդ բուժվել է։ Արձանագրվել է մահվան 3 դեպք:–0–