ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունում Արցախյան պատերազմում ահաբեկչության ֆինանսավորման դեպքի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունում Արցախյան պատերազմում ահաբեկչության ֆինանսավորման դեպքի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ, հաղորդում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը:
«Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքում ահաբեկչություն կատարելու նպատակով, Թուրքիայի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության պատասխանատու պաշտոնատար անձինք, գործելով կազմակերպված խմբի կազմում, նույն ժամանակահատվածից սկսած համապատասխան ֆինանսական/դրամական միջոցներ, ինչպես նաև զենք և ռազմամթերք են տրամադրել «Սուլթան Սուլեյման Շահ /Ալ Ամշաթ», «Սուկուր», «Ալ Համզաթ», «Սուլթան Մուրադ» միջազգային ահաբեկչական խմբավորումներին, վերջինների կազմից կատարել ահաբեկիչ-վարձկանների ընտրություն, ապահովել նրանց սահուն, անարգել անցումը Սիրիայի և Թուրքիայի պետական սահմանով նախ Թուրքիայի, ապա Ադրբեջանի Հանրապետությունների տարածքներ»,- հայտնում են գերատեսչությունից:
Դատախազության հաղորդմամբ, 2020թ. սեպտեմբերի 27-ից սկսած՝ «Սուլթան Սուլեյման Շահ /Ալ Ամշաթ» և «Սուլթան Մուրադ» խմբավորումների կազմում ընդգրկված շուրջ երկու հազարից ավել վարձկան անդամներն Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի հետ ներգրավվել և ակտիվ մասնակցություն են ունեցել նախապես Արցախի Հանրապետության դեմ ծրագրված, համակարգված և նպատակաուղղված ռազմական գործողություններում:
«Վերոգրյալի հիման վրա ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունում ահաբեկչության ֆինանսավորման դեպքի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 2171-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով»,- նշվում է հաղորդագրության մեջ: -0-