Իսպանիայի Ալիկանտե քաղաքը Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարություն է ընդունել

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի. /ԱՌԿԱ/. Իսպանիայի Ալիկանտե քաղաքի քաղաքային խորհուրդը հինգշաբթի պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը, հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Քվեարկությանը մասնակից քաղաքական ուժերի գերակշիռ մեծամասնությունը (PSOE, GUANYAR, COMPROMIS կուսակցությունները) քվեարկել է հօգուտ ինստիտուցիոնալ հայտարարության ընդունման:
Ըստ հաղորդագրության, հայտարարությունն ընդունվել է Քաղաքային խորհուրդի նիստում, որի ընթացքում ելույթներով հանդես են եկել այնտեղ ներկայացված բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները։
Նրանք իրենց խոսքում կարևորել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, դրա կանխարգելիչ նշանակությունը:
««Կոմպրոմիս» քաղաքական խմբակցության ներկայացուցիչն իր խոսքում նշել է, որ խիստ կարևոր է մոռացության չմատնել հայերի դեմ կատարված ոճրագործությունը հատկապես այսօր, հաշվի առնելով, որ այն վայրերում, որտեղ իրականացվել է Հայոց ցեղասպանությունը, այժմ զանգվածային կերպով խախտվում են մարդու իրավունքներն ու վտանգվում հազարավոր մարդկանց կյանքեր»,– նշվում է հաղորդագրությունում։
Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հայտը ներկայացրել էր Ալիկանտեի «Հայաստան» ասոցացիան։
Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-