Կապանի օդանավակայանը կարող է շահագործվել որպես միջազգային․ Մհեր Գրիգորյան
ԵՐԵՎԱՆ, 22 հունվար․/ԱՌԿԱ/. Կապանի օդանավակայանը կարող է շահագործվել որպես միջազգային։
Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՀՀ կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս. Ա.»-ի միջև 2001 թվականի դեկտեմբերի 17-ին ստորագրված կոնցեսիոն պայմանագրում լրացում կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ։
ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի խոսքով՝ նման իրավական հիմք է ստեղծվում, որովհետև գործող կոնցեսիոն պայմանագրով կա որոշակի սահմանափակում։
««Զվարթնոց» օդանավակայանից 250 կմ շառավղով հեռավորության վրա, եթե կառավարությունը որոշում է որևէ օդանավակայան փոխակերպել քաղաքացիական, տեղական կամ միջազգային օդանավակայանի, գործող կոնցեսիոներն ունի առավելություն՝ կառավարումը ստանձնելու, սակայն այս պարագայում Կապանի «Սյունիք» օդանավակայանը այս լրացմամբ դուրս է գալիս այդ կարգավորումից», - նշեց Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ իրավական առումով Կապանի օդանավակայանը միջազգային օդանավակայան դարձնելու հնարավորությունը կա, սակայն այնտեղ պետք է համապատասխան սարքավորումներ ու ներդրումներ իրականացվեն, որպեսզի ստեղծվեն սահմանային, մաքսային և այլ գործառույթներ ապահովող հնարավորություններ։
Կառավարության որոշման համաձայն՝ «Corporación América» ընկերության հետ կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացման ստորագրումը նախատեսված է մեկ ամսվա ընթացքում։ «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոն կառավարման ժամկետը երկարաձգվում է մինչև 2067 թվականի վերջը, ընդ որում՝ կոնցեսիոները պարտավորվում է մինչև 2033 թվականը ներդնել մինչև 425 միլիոն դոլար։
«Սյունիք» օդանավակայանը գտնվում է Սյունիքի մարզի Կապան քաղաքում (սահմանակից է Իրանին և Ադրբեջանին)։ Մոտ 30-ամյա ընդմիջումից հետո այն վերակառուցվել է տարածաշրջանային ավիացիոն ենթակառուցվածքների զարգացման պետական ծրագրի շրջանակում և 2023 թվականի օգոստոսին վերսկսել է աշխատանքը ներքին ավիափոխադրումների համար։
Երևան - Կապան - Երևան երթուղով կանոնավոր չվերթերն իրականացվում էին հայկական «Novair LLC» ավիաընկերության կողմից։ 2025 թվականի սեպտեմբերին օդանավակայանից հայտնել են տվյալ ուղղությամբ թռիչքների ժամանակավոր դադարեցման մասին՝ կապված օդանավի տեխնիկական սպասարկման անհրաժեշտության հետ։