Կառուցապատողները պետք է մինչև մայիսի 1–ը կահավորեն շինհրապարակները․ Քաղաքաշինության կոմիտե
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի․/ԱՌԿԱ/․ Մինչև մայիսի 1–ը կառուցապատողները պատշաճ ժամանակ ունենան իրենց շինհրապարակները վերակահավորելու կամ վերակազմակերպելու համար։
Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը։
Նա հայտնեց, որ բոլոր սեփականատերերը, կառուցապատողները կամ շինարարները իրականացնելու են այդ կահավորման աշխատանքները՝ նշելով, որ դա մեծ գումարների հետ կապված չէ։
«Այն ճանապարհները, որոնցով շինհրապարակում երթևեկում են տրանսպորտային միջոցները՝ շինարարությունը սպասարկելու համար, պետք է բետոնապատվեն» – նշեց Վարդանյանն՝ ընդգծելով, որ դա մեծ ծավալի աշխատանք չէ։
Նրա խոսքով՝ այն հարթակները, որոնք հողային մակերես ունեն, պետք է խճապատվեն նորմերի մեջ նշված շերտով, որպեսզի քամիների ժամանակ այդ հողային մակերեսից փոշին դուրս չգա։
«Այստեղ շատ կարևոր է, որ հողային աշխատանքների իրականացման ժամանակ, այսինքն՝ երբ փոսորակներ են քանդում և այդպես հողային աշխատանքներ են իրականացնում, այդ պարագծով տեղադրված լինեն ջրային մառախուղ առաջացնող համապատասխան սարքավորումները, որպեսզի փոշու արտանետումները դեպի մթնոլորտ նվազեցվի» – նշեց Վարդանյանը։
Նրա խոսքով` կա նաև սահմանված պարտադիր պահանջ, որպեսզի շինհրապարակները կահավորված լինեն համապատասխան սարքավորումներով, որոնք վերլուծելու են և տալու են գնահատական օդի աղտոտվածության մակարդակի վերաբերյալ։
Վարդանյանը հայտնեց նաև, որ շինարարության բոլոր փուլերի համար նկարագրված են այն գործողությունները, որը կառուցապատողը պետք է իրականացնի, պետական ծրագրերի դեպքում` պետական միջոցներով, մասնավոր ծրագրերի դեպքում` մասնավոր միջոցներով: