Կասեցվել է Բրազիլիայից Հայաստան 7 տոննա թռչնամսի ներմուծումը

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է Բրազիլիայից ներմուծվող՝ «Սեարա Ալիմենտոս» ընկերության արտադրության 7 տոննա թռչնամիս:
Ինչպես հայտնեցին կարգավորչի մամուլի ծառայությունից, սահմանային պետական վերահսկողության շրջանակներում, որպես բարձր ռիսկայնություն ունեցող բեռ, մինչև ներմուծման թույլտվություն տրամադրելը, կատարվել է լաբորատոր փորձաքննություն, որի արդյունքում արձանագրվել է անվտանգության ցուցանիշի անհամապատասխանություն՝ թռչնամսում հայտնաբերվել է սալմոնելա:
Խմբաքանակի ներմուծումը կասեցվել է. այն ենթակա է օրենքով սահմանված կարգով ոչնչացման, օգտահանման, կամ էլ՝ հետ արտահանման:
Սահմանային վերահսկողության շրջանակներում՝ 2018թ. հունվար ամսվա ընթացքում հայտնաբերվել են մի շարք այլ անհամապատասխանություններ:
Մասնավորապես, կասեցվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից ներմուծվող 1000 կգ կերակրի աղի և 100 կգ թխվածքաբլիթների ներմուծումը՝ սննդամթերքի անվտանգությունը հավաստող ուղեկցող փաստաթղթերի բացակայության պատճառով:
Օրեր առաջ կասեցվել էր նաև Ռուսաստանի Դաշնությունից ներմուծվող՝ 22 տոննա մսոսկրային ալյուրի խմբաքանակը: Բոլոր նշված խմբաքանակները վերաարտահանվել են: -0-