Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+1

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կոչ է արել Ադրբեջանի հոգևոր առաջնորդին ջանքեր գործադրել, որպեսզի չվտանգվի Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը

06.08.2014, 10:24
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը նամակ է հղել Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեին` կոչ անելով ջանքեր գործադրել, որպեսզի երկրի իշխանությունների կողմից չվտանգվի Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կոչ է արել Ադրբեջանի հոգևոր առաջնորդին ջանքեր գործադրել, որպեսզի չվտանգվի Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը նամակ է հղել Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեին` կոչ անելով ջանքեր գործադրել, որպեսզի երկրի իշխանությունների կողմից չվտանգվի Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը:

«Սահմանամերձ բնակավայրերի անդադար գնդակոծությունը ադրբեջանական կողմից, դիվերսիոն գործողությունները, հրադադարի ռեժիմի խախտման տևական փորձերը լուրջ վտանգ են ներկայացնում մեր տարածաշրջանի փխրուն, բայց  թանկ ձեռքբերված խաղաղության համար»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ինչպես հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից, կաթողիկոսը նշել է, որ խորապես անհանգստացած է լարված իրավիճակով, որի հետևանքով զոհվում են զինվորներ, խաթարվում է սահմանամերձ բնակչության խաղաղ կյանքը:

Նա նշել է, որ Սադրանքները և մարտական գործողությունները չեն կարող այլընտրանք լինել ղարաբաղյան հակամարտության խաղաղ,  բանակցային ճանապարհով կարգավորմանը, որ կհամապատասխանի միջազգային նորմերին:

«Մենք դիմում ենք Ձեզ` որպես Ադրբեջանի հոգևոր առաջնորդի,  ջանքեր գործադրելու, որպեսզի Ձեր երկրի իշխանությունները, պահելով ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները, պահպանեն հրադադարի ռեժիմը և իրենց գործունեությամբ չխափանեն ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը, խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում»,– ասել է կաթողիկոսը:

Միևնույն ժամանակ Ամենայն հայոց կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել հայրենիքի պաշտպանության համար վերջին օրերին հայ - ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա - ադրբեջանական ուժերի շփման գծում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների ընտանիքներին և մերձավորներին:

«Նորին Սրբության տնօրինությամբ առաջիկա կիրակի հայոց եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան պաշտոն զոհված հերոսների հոգիների խաղաղության և հանգստության համար, տեղի կունենան այցելություններ նրանց ընտանիքներին», - ասված է հաղորդագրության մեջ:

Վերջին օրերին ադրբեջանական կողմը կտրուկ ակտիվացել է շփման գծում։ Դիվերսիոն գործողությունների և ղարաբաղյան դիրքերի վրա հարձակումների հետևանքով, տարբեր տվյալներով, զոհվել են ավելի քան 25 ադրբեջանցի զինծառայողներ և ԼՂՀ պաշտպանության բանակի հինգ զինծառայողներ։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-