Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
422.79
RUB
4.6543
GEL
141.19
2025 թ. մարտի 27, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+11

Կենսաթոշակների նշանակման գործընթացը վերակազմակերպվում է. Բաթոյան

06.07.2020, 14:55
Կենսաթոշակների նշանակման գործընթացը վերակազմակերպվում է. Բաթոյան
Կենսաթոշակների նշանակման գործընթացը վերակազմակերպվում է. Բաթոյան

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի./ԱՌԿԱ/. Սկսում ենք կենսաթոշակների նշանակման գործընթացների վերակազմակերպումը։ Այս մասին Facebook-յան էջում հայտնել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Նա նշել է, որ ոլորտում բարեփոխումներ իրականացվելու նպատակով Կառավարության գործունեության ծրագրում ամրագրվել են կոնկրետ միջոցառումներ, այդ թվում կառուցվածքային փոփոխություններ:

«Ներկայումս կենսաթոշակ, նպաստ և սոցիալական ծրագրերով նախատեսված մի շարք դրամական վճարների նշանակման և վճարման գործառույթներն իրականացնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության ծառայության 51 տարածքային բաժինները։ Նույն մարմինն իրականացնում է թե´ դիմումների ընդունման, խորհրդատվության տրամադրումը, թե´ բուն մասնագիտական գործառույթը՝ կենսաթոշակների նշանակման և վճարման վերաբերյալ որոշումների կայացումը»,- նշել է Բաթոյանը:

Նա ընդգծել է, որ այս գործընթացը խնդրահարույց է մի քանի պատճառով․

  • տարածքային բաժնի աշխատակիցը անձամբ սպասարկում է քաղաքացուն, միաժամանակ իրականացնելով որոշման կայացման գործառույթ, ինչը տարբեր հմտություններ պահանջող աշխատանք է ենթադրում, հետևաբար նաև հավելյալ ժամանակ և ռեսուրսներ է խլում,

  • որոշումներ ընդունող անձնակազմի և շահառուների միջև շփումը ռիսկային է կայացվող որոշումների օբյեկտիվության տեսանկյունից,

  • հնարավոր ռիսկերի առկայությունը բացասաբար է ազդում համակարգի հանդեպ քաղաքացիերի վստահության վրա:

Նա մանրամասնել է, թե ինչ է նախատեսվում իրականացնել.

Օգոստոսի մեկից կիրականացվի բարեփոխումների առաջին փուլը, որը կմեկնարկի մայրաքաղաքում.

  • Երևանում ամբողջությամբ կվերակազմակերպվեն Ծառայության տարածքային բաժինները և դրանց փոխարեն կձևավորվեն սպասարկման և նշանակման վարչություններ՝ իրենց բաժիններով (back office, front office):

  • Սպասարկման վարչության 10 բաժիններին կվերապահվեն միայն քաղաքացիներին սպասարկելու, դիմումներ ընդունելու, խորհրդատվություն մատուցելու գործառույթները, ինչը հնարավորություն կտա բարելավելու քաղաքացիների սպասարկման գործընթացը։

  • Նշանակման վարչության 5 բաժինները կենտրոնացված կարգով կիրականացնեն բացառապես դիմումների մշակման և որոշումների կայացման գործառույթներ, ինչի շնորհիվ պատասխանատուները կկենտրոնանան միայն թոշակի նշանակման գորընթացի վրա, որի արդյունքում կբարձրանա աշխատանքի արդյունավետությունը։

  • Ներդրված նոր ծրագրային ապահովման շնորհիվ դիմումները աշխատակիցների միջև կբաշխվեն պատահականության սկզբունքով, բացառելով կենսաթոշակ նշանակող մասնագետների և քաղաքացիների շփումը:

  • Արդյունքում կբարձրանա որոշումների կայացման օբյեկտիվությունը, կնվազեն կոռուպցիոն ռիսկերը։

  • Կենսաթոշակի նշանակման գործընթացում մարդկային գործոնի նվազման պարագայում կբարելավվի համակարգի թափանցիկությունը և կավելանա համակարգի հանդեպ քաղաքացիների վստահությունը։

«Սպասարկման բաժինները կշարունակեն գործել իրենց նախկին տեղակայման վայրերում, իսկ Նշանակման բաժիններն առանձին կենտրոնացված գրասենյակում»,- հայտնել է Բաթոյանը:

Բարեփոխման հաջորդ փուլը կիրականացվի մարզերում՝ մինչև տարեվերջ։-0-