Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
423.89
RUB
4.6403
GEL
141.14
2025 թ. մարտի 26, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Կրտսեր պետծառայողները Հայաստանում հուլիսի 22–ից աշխատանքի կընդունվեն բարդ համակարգով

19.07.2013, 15:01
Հայաստանի կրտսեր պետական քաղաքացիական ծառայողների հավատարմագրման պետական թեստերը կբարդացվեն հուլիսի 22–ից, ուրբաթ լրագրողներին հայտնեց Հայաստանի Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը։
Կրտսեր պետծառայողները Հայաստանում հուլիսի 22–ից աշխատանքի կընդունվեն բարդ համակարգով
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կրտսեր պետական քաղաքացիական ծառայողների հավատարմագրման պետական թեստերը կբարդացվեն հուլիսի 22–ից, ուրբաթ լրագրողներին հայտնեց Հայաստանի Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը։

«Կրտսեր պետծառայողների համալրման ինստիտուտը, որը հիմնվել է երեք տարի առաջ, կատարելագործման կարիք է զգում։ Երկուշաբթի ուժի մեջ կմտնի քաղաքացիական ծառայողների թափուր աշխատատեղերի թեստավորման նոր մեթոդաբանական մոդելը»,– ասաց Բադալյանը` պարզաբանելով, որ փոփոխությունները վերաբերելու են թեստերի բովանդակությանը։

Ըստ նրա` ավելի վաղ թեստերն ընդգրկում էին միայն զուտ իրավական հարցեր, մասնավորապես, Հայաստանի Սահմանադրության և քաղաքացիական ծառայության օրենսդրության իմացություն, իսկ նոր թեստերում հարցերի միջակայքը կընդլայնվի։ Անկետան կընդգրկի հավակնորդների գիտելիքների ավելի լայն ստուգում Հայաստանի պատմության առավել նշանակալի իրադարձությունների և դեմքերի, պետության ներքին և արտաքին խնդիրների մասին։

Բադալյանը նշեց, որ կրտսեր քաղաքացիական ծառայողների ընտրության համակարգի այս բարեփոխումները ելնում են նրանց կրթվածության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունից։

«Մեզ մոտ հաճախ բողոքներ են ստացվում պետհաստատությունների կրտսեր աշխատակիցների գիտելիքների մակարդակի, ինչպես նաև քաղաքացիների հետ նրանց շփման անընդունելի ձևի վերաբերյալ, և կարծում ենք, որ որքան ավելի կրթված է այդ աշխատակիցը, որքան ավելի շատ գիտելիքներ ունի, այնքան ավելի արդյունավետ է նրա գործունեությունը»,– ասաց նա։

Քաղաքացիական ծառայության խորհրդի ղեկավարն ավելացրեց նաև, որ կրտսեր աշխատակիցների կրթվածության մակարդակի բարձրացման հարցն անմիջականորեն կապված է 2014 թվականի հուլիսի 1–ին ակնկալվող նրանց բազային աշխատավարձի 20–տոկոսանոց բարձրացման հետ, որն այսօր կազմում է շուրջ 40 000 դրամ։

«Նովոստի–Արմենիա» գործակալության հարցին Բադալյանը պատասխանեց, որ գիտելիքների ստուգումը թեստերի միջոցով ներկայում միակ գործուն մեխանիզմն է, իսկ անհատական հարցազրույցների անցկացումն առայժմ հնարավոր չէ։ -0-