ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագիրը երկարաձգվել է
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբեր․/ԱՌԿԱ/. Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրված հավաստագրերի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը։ Այս մասին հայտնում է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով, ծրագրի շրջանակում այս պահի դրությամբ հավաստագիր է ստացել 2823 ընտանիք, որից 907-ն արդեն իրացրել է հավաստագիրը։
Նախարարությունը հիշեցնում է, որ բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրն իրականացվում է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկի ձևով՝ · բնակարանի (կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի) կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում, · անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում, · գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։
Ծրագրի շրջանակում աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 3-ից 5 մլն դրամի շրջանակում։
Միջոցառման շահառու կարող են դառնալ այն ընտանիքները, ովքեր՝
-տեղահանվել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո,
-ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
-չունեն սեփականություն,
- չեն հանդիսանում Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման և Սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերի շահառու։