Рейтинг@Mail.ru
USD
396.76
EUR
411.8
RUB
4.0996
GEL
141.91
2025 թ. փետրվարի 8, շաբաթ
եղանակը
Երևանում
+3

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստեղծվել է ընտանիքում բռնությանը վերաբերող հարցերով զբաղվող աշխատանքային խումբ

15.04.2020, 15:35
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստեղծվել է ընտանիքում բռնությանը վերաբերող հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստեղծվել է ընտանիքում բռնությանը վերաբերող հարցերով զբաղվող աշխատանքային խումբ

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի․ /ԱՌԿԱ/․ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստեղծվել է ընտանիքում բռնությանը վերաբերող հարցերով զբաղվող աշխատանքային խումբ, երկրում կորոնավիրուսի պատճառով արտակարգ իրավիճակի պայմաններում։ Այս մասին հայտնում է օմբուդսմենի աշխատակազմի մամուլի ծառայությունը։ 

«Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու պահից սկսած Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել է 13 բանավոր և գրավոր դիմում-բողոք, որոնք վերաբերում են կանանց, երեխաների և մեկ տարեց տղամարդու նկատմամբ բռնություն գործադրելուն»,- ասվում է Օմբուդսմենի Արման Թաթոյանի հայտարարության մեջ։ 

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, կորոնավիրուսի (COVID-19) դեմ պայքարի հիմքով հայտարարված արտակարգ դրության սահմանափակումները մեծացնում են ընտանիքում, հատկապես՝ կանանց, երեխաների և տարեցների նկատմամբ բռնության ռիսկը: 

«Այս հարցերը մեր աշխատակազմում առանձին քննարկման առարկա են՝ սկսած արտակարգ դրության առաջին օրերից: Սակայն այս օրերին հատկապես բռնության այս տեսակի կանխարգելումը պահանջում է մասնագիտական առավել ճշգրիտ մոտեցումներ, ինչը հնարավորություն կտա ապահովել կանխարգելման աշխատանքների ճիշտ կազմակերպում և խնդիրների ու դրանց լուծումների մասին ամբողջական պատկերացում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Պաշտպանը կարևոր գործոն է համարում նաև այն, որ արտակարգ դրությունը երկարել է, իսկ դա առավել արդիական է դարձնում հարցը և պահանջում առավել կազմակերպված աշխատանք։

 Աշխատանքային խմբին հանձնարարված է հատուկ ուշադրություն դարձնել կանանց, երեխաների և տարեցների նկատմամբ բռնությանը վերաբերող հարցերին: Ընդ որում, իրականացվում է ինչպես գրավոր ու բանավոր բողոքների քննարկում, այնպես էլ ընդհանուր մշտադիտարկում (հրապարակումներ, պետական մարմինների աշխատանք և այլն): 

«Մենք անմիջական կապ ենք պահպանում իրավապահ մարմինների և հասարակական կազմակերպությունների մեր գործընկերների հետ. կիրականացվի տեղեկությունների առավել ակտիվ փոխանակում և տեղի կունենան համատեղ քննարկումներ»,- ասվում է օմբուդսմենի հաղորդագրության մեջ։-0-