Menu.am-ի հիմնադիր. սխալ եմ հասկացել կառավարության որոշումն ու ներողություն եմ խնդրում
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի./ԱՌԿԱ/. Menu.am սննդի առաքմամբ զբաղվող հայտնի ընկերության հիմնադիր Վահան Քերոբյանը հայտարարել է, որ ընկերությունը չի դադարեցնի գործունեությունը Հայաստանում և ներողություն է խնդրել` նշելով, որ սխալ է հասկացել որոշումը։
Ավելի վաղ Քերոբյանը Facebook–յան իր էջում տեղեկացրել էր, որ ընկերությունը կարող է դադարեցնել գործունեությունը ուրբաթ կառավարության նիստում ընդունված որոշման պատճառով։
Կառավարությունը հունիսի 15–ին մերժեց ԱԺ–ի ներկայացրած օրինագիծը հանրային սննդով զբաղվող կազմակերպությունների համար հարկային ռեժիմում փոփոխություններ կատարելու մասին։ Այդպիսով, կառավարությունն ուժի մեջ թողեց նախորդ որոշումն այն մասին, որ 2018 թ.–ի հուլիսի 1–ից սննդի առաքման համար հարկը հավասարեցվում է հանրային սննդով զբաղվող օբյեկտների հարկին։
«Մի քանի անգամ կառավարության նիստը նայելուց և դրա մասին կարդալուց հետո ինձ մոտ տպավորություն էր ստեղծվել, որ կառավարությունը չեղարկում է հուլիսի 1-ից «Հարկային օրենսգրքում» նախատեսվող փոփոխությունները, ըստ որոնց՝ դրսում և ներսում վաճառվող սնունդը պետք է նույն կերպ հարկվի, այսինքն՝ գործեին նախկինում եղած դրույթները, ըստ որոնց՝ առաքվող սնունդը պետք է 20 տոկոսով ավելի հարկվեր, քան ներսում վաճառվողը։ Շատ բարձր մակարդակով մի քանի հոգի՝ նախարարներ և ավելի բարձր պաշտոնյաներ, կապվեցին ինձ հետ և փորձեցին հասկանալ, թե որն է իմ մտավախությունը: Հիմա ես պետք է ներողություն խնդրեմ կառավարությունից և Նիկոլ Փաշինյանից, որ թյուրըմբռնում է տեղի ունեցել․ կառավարության այսօրվա կայացրած որոշումն իրականում վերաբերել է նրան, որ մերժվել է մի քանի պատգամավորների առաջարկը, որպեսզի չեղարկվի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող որոշումը», – նշել է Քերոբյանը Facebook–յան իր էջի ուղիղ եթերի ժամանակ։
Նա շնորհակալություն է հայտնել կառավարությանն օպերատիվ արձագանքի և իրավիճակի պարզաբանման համար։
«Շնորհակալ եմ իրական որոշումը պարզաբանելու համար։ Շնորհակալ եմ նաև բոլորին աջակցության համար», – նշել է Քերոբյանը։–0–