ՆԳ նախարար․ սեպտեմբերի 1-ից վարորդական վկայական ունեցող քաղաքացիները կարող են իրենց մոտ չպահել պլաստիկ վարորդական վկայականը
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Կառավարությունն ընդունել է որոշում՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վկայականի թվայնացման գործընթացի լավարկման անհրաժեշտությամբ պայմանավորված։
Որոշմամբ առաջարկվում է նախատեսել տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վկայականի թվային տարբերակը, ինչն ազգային վարորդական վկայականի փոխարեն կամ այն տրամադրելու հետ միաժամանակ հասանելի կդարձվի՝
1. վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման քննությունների դրական արդյունքների հիման վրա վարորդական վկայական ստացող անձին,
2. գործող ազգային վարորդական վկայականներ ունեցող անձանց դեպքում՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ,
3. այլ պետություններում ստացած և 1968 թ. նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատասխանող վարորդական վկայականների հիման վրա Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայական տալու կամ փոխանակելու դեպքում։
Ինչպես նշել է Արփինե Սարգսյանը, սեպտեմբերի 1-ից սկսած՝ այն քաղաքացիները, որոնք ունեն վարորդական վկայականներ, այլևս որևէ պարտավորություն չունեն պլաստիկ վարորդական վկայականն իրենց մոտ պահելու:
Իսկ մինչ այդ գործում էր պատասխանատվության սկզբունքը, այսինքն՝ երբ չկար պլաստիկը, ենթարկվում էին վարչական պատասխանատվության: «Այս պահի դրությամբ արդեն իսկ համակարգում բոլոր վարորդների թվային վարորդական վկայականները գեներացված են, և նույնականացման համակարգի միջոցով մեր քաղաքացիները, որոնք ունեն վարորդական վկայական, կարող են տեսնել համապատասխան հարթակում»,- ասել է նախարարը:
Արփինե Սարգսյանը հայտնել է նաև, որ հաշվառման վկայագիրը ևս սեպտեմբերի 1-ից հասանելի կլինի թվային միջավայրում: «Եթե քաղաքացին առաջին անգամ է ձեռք բերում այս երկու փաստաթղթերը, ապա կարող է ընտրել պլաստիկ տարբերակով ստացումը և թվային տարբերակով ստացումը: Թվային տարբերակով ստանալու դեպքում կիսով չափ պակաս տուրք է վճարում անձը, իսկ եթե նախընտրում է պլաստիկ վարորդական վկայականը կամ պլաստիկ տեխանձնագրի տարբերակը, ապա այս դեպքում վճարում է մեկ անգամ մեկ գումարի չափով, իսկ հետագայում կարողանում է օգտվել թվային ծառայությունների տարբերակից ևս»,-նշել է ՆԳ նախարարը: