Նիկոլ Փաշինյանը նվիրաբերություն է կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամին

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի շրջանակում նոյեմբերի 23–ի առավոտյան այցելել է հիննադրամի գրասենյակ։
Ինչպես հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը, Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի ֆոնդից հիմնադրամին է նվիրաբերել 1 մլն (մոտ 2,1 հազար դոլար), իսկ իր անձնական միջոցներից՝ 500 հազար դրամ (ավելի քան 1000 դոլար)։
Այս տարվա հեռուստամարաթոնում հանգանակվեց 11 մլն 109 հազար 633 դոլար։ Սա գրեթե 1.4 մլն դոլարով պակաս է նախորդ տարվա արդյունքից։
Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում դիմել է նաև հեռուստամարաթոնին հետևող հայրենակիցներին և շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցել են այդ բարեգործական միջոցառմանը և նվիրաբերություն են կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։
«Այդ գումարները ծախսվելու են Արցախի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության կարևոր ենթակառուցվածքների բարելավման և զարգացման ծրագրերի համար»,– ասել է նա։
Նշելով, որ նոր ժամանակաշրջանը չափազանց կարևոր է` Փաշինյանն ընդգծել է, որ մեր համազգային խնդիրների լուծման համար անհրաժեշտ է համազգային բացառիկ համախմբում:
«Հեռուստամարաթոնն այդ համախմբման ձևերից մեկն է և մենք այս ճանապարհով դեռ պետք է գնանք, որպեսզի հասնենք համախմբման և միասնության այն մակարդակի, որը երկար տարիներ երազել ենք: Այսօր, հիմա այդ հնարավորությունը կա և կասկած չկա, որ այդ հնարավորությունը մենք կօգտագործենք՝ ստեղծելու իսկապես միասնական, ազատ և երջանիկ Հայաստան: Շնորհակալ եմ և հաջողություն եմ մաղթում»,– ասել է վարչապետի պաշտոնակատարը։ -0-